Բայդենն ու Պորոշենկոն քննարկել են էներգոանվտանգության ոլորտում Ուկրաինայի կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարները
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է նրան` կապված նոր կառավարություն ձևավորելու հետ:
Բայդենն ու Պորոշենկոն քննարկել են Ուկրաինայի ֆինանսական ու էներգետիկ հատվածում, ինչպես նաև երկրի արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հայտարարությունում: Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը եվրոպացի ու այլ գործընկերների հետ շարունակելու է աշխատել, որպեսզի Ուկրաինային հատկացնի նրա տնտեսության կայունացման համար անհրաժեշտ ֆինանսավորում:
Բայդենն ու Պորոշենկոն քննարկել են նաև էներգոանվտանգության ոլորտում Ուկրաինայի կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարները: Բայդենի խոսքերով` ԱՄՆ-ն Ուկրաինային կհատկացնի մշտական տեխնիկական օգնություն: Բայդենն ու Պորոշենկոն համակարծիք են գտնվել, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ստեղծել են ապօրինության մթնոլորտ: