Լևոն Զուրաբյան. «ՀԱԿ խմբակցությունը կողմ կքվեարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին»

«ԵՏՄ պայմանագրի հարցը Հայաստանի համար ունի եթե ոչ ճակատագրական, ապա առնվազն ռազմավարական նշանակություն»,- այսօր ԱԺ նիստում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցի վերաբերյալ եզրափակիչ ելույթների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա՝ ՀԱԿ-ը, որպես քաղաքական ուժ, որը հավակնում է և պատրաստ է ստանձնելու երկրի կառավարումը, իր դիրքորոշումը կներկայացնի հետևալ կերպ.

«Ինչպե՞ս կվարվեինք մենք, եթե իշխանությունը մենք լինեինք։ Եթե մենք լինեինք իշխանություն՝ մենք չէինք խաղա երկակի խաղ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, այսինքն՝ չէինք փորձի Մոսկվային ասել այն, ինչ դուր է գալիս Ռուսաստանին, իսկ Բրյուսելին ասել այն, ինչ դուր է գալիս Արևմուտքին: Մենք չէինք ընդգրկվի երեք տարվա բանակցությունների մեջ, որը մեկ օրվա մեջ ջուրն էինք գցելու և նվաստացուցիչ շրջադարձ կատարելու դեպի Մաքսային միություն՝ կորցնելով Արևմուտքի վստահությունը և Ռուսաստանի հարգանքը:

Իսկ իրականում՝ երկուսի և վստահությունը, և հարգանքը։ Եթե մենք լինեինք իշխանություն, մենք ժողովրդից չէինք թաքցնի ոչ՛ եվրաասոցացման, ոչ՛ էլ Մաքսային կամ Եվրասիական տնտեսական միության բանակցությունների ընթացքը, և կկառուցեինք բոլոր այդ բանակցությունները Հայաստան-ԵՄ-Ռուսաստան եռակողմ ֆորմատով կամ Բրուսելի և Մոսկվայի միջև մաքոքային դիվանագիտության միջոցով»:

Կարդացեք նաև

Նա վստահություն հայտնեց, որ շրջահայաց քաղաքականությամբ հնարավոր էր հասնել ինչ-որ փոխզիջումային լուծման՝ շարունակելով վստահելի դաշնակցի հարաբերությունները Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ՝ պահպանելով Եվրոասոցացման պայմանագրի և՛ քաղաքական, և՛ տնտեսական մասի արդյունավետ համագործակցության որոշ դրույթներ, կամ առնվազն նվազագույնի հասցնել Հայաստանի կրած վնասները.

«Այդ ամենը հնարավոր էր 2010-2014 թվականներին ընկած այն ժամանակաշրջանում, երբ հարաբերությունները Արևմուտքի և Ռուսաստանի միջև դեռ սրված չէին և դեռ չէին վերածվել նոր Սառը Պատերազմի։ Այսօր, իհարկե, դա այլևս հնարավոր չէ, և մենք որոշում կայացնելիս պետք է որպես ելակետ ընդունենք այս պահին ստեղծված իրողությունները:

Հայաստանի որոշելիքը ոչ թե ընտրություն է երկու արժեհամակարգերի միջև և ոչ էլ անգամ երկու տնտեսական համակարգերի, ինչպես դա շատ պարզունակ կերպով փորձում են ներկայացնել որոշ քարոզիչներ, նենգափոխելով խնդրի էությունը:

Իրականում, ԵՏՄ-ին անդամագրվել կամ չանդամագրվելը Հայաստանի համար ճակատագրական նշանակություն ունեցող ընտրություն է՝ քաղաքական երկու գործընթացների միջև, որոնցից յուրաքանչյուրն ունի հստակորեն կանխատեսելի և խորը հետևանքներ մեր երկրի անվտանգության համար»։

Նշելով մի շարք այլ գործոններ ստեղծված իրողություններում հնարավորի մասին՝ Զուրաբյանը հայտարարեց. «Խմբակցությունը կողմ կքվեարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին: Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը պարունակում է նաև որոշակի ռիսկեր ու վտանգներ:

Դրանք հիմնականում կապված են ԵՏՄ-ի ապագայի անորոշության և Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների հետ: ԵՏՄ-ի կայացումը, սակայն, ինքնաբերաբար կլուծի նաև Հայաստանի անդամակցության շարունակման նպատակահարմարության հարցը:

Ամենամեծ վտանգը, այնուամենայնիվ, կապված է Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանության գոյության հետ, որը չի կարողանա ԵՏՄ-ում պատշաճ կերպով պաշտպանել Հայաստանի ազգային շահերը: Հետևաբար, ԵՏՄ-ի անդամակցությունը առավել օրակարգային է դարձնում Հայաստանում լեգիտիմ իշխանության ձևավորման խնդիրը, որն առանց այդ էլ Հայաստանի օրակարգում գլխավոր խնդիրն է: Ինչպես ցանկացած միջազգային կազմակերպությունում, ԵՏՄ-ում ևս Հայաստանին սպասում է ծանր պայքար սեփական շահերի համար, մի գործ, որն իր վրա կարող է վերցնել միայն ժողովրդի վստահությունը վայելող և համարձակ իշխանությունը»:

Տեսանյութեր

Լրահոս