Սասուն Միքայելյան. «15 թվին ռուսական զորքը հասավ մինչև Էրզրում, մի գիշերվա մեջ զենք-զինամթերքը տվեց թուրքերին ու հեռացավ…»

Սասուն ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանն այսօրվա ասուլիսում կարծիք հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցությամբ հիմք է դրվում Հայաստանի անկախության և ինքնիշխանության կորստին:

Հայաստանի ստիպողական միացումը Եվրասիական միությանը, Սասուն Միքայելյանի կարծիքով, տրամաբանական զարգացումն էր նախորդ տարիներին Հայաստանի իշխանությունների գործողությունների և երկիրը աստիճանաբար Ռուսաստանին հանձնելու նրանց քաղաքականության: Ըստ նրա` Հայաստանը Հոկտեմբերի 27-ից հետո կամաց-կամաց  գնացել է դեպի ուրիշ աշխարհ և այսօր հասնում է գագաթնակետին:

«Այս ճանապարհին 7000 տղա է գլուխ դրել զոհասեղանին, և նրանք այսպիսի Հայաստան չէին ուզում: Հիմա մենք նորից գնում ենք ելման կետին, այսինքն` դեպի Խորհրդային միություն: ԵՏՄ-ն ոչ մի լավ բան չի տա Հայաստանի Հանրապետությանը:

Եթե այս տարիների ընթացքում իշխանությունները երկիրը տարել են ոչ թե դեպի զարգացում, այլ հետընթաց ենք ապրել բոլոր բնագավառներում` քաղաքական, տնտեսական, ռազմական, դրա համար, բնական է, իրենք պիտի արդարանան, թե մենք այլընտրանք չունենք, մեր միակ փրկությունը Ռուսաստանն է»,- հայտարարեց Սասուն Միքայելյանը:

Կարդացեք նաև

Շարունակելով նա կարծիք հայտնեց, որ ԵՏՄ-ին միանալու հետևանքով Հայաստանը մեկուսացվելու է աշխարհից, իսկ Ռուսաստանի հետ գնալու ճանապարհ չունենք, առավել ևս՝ եթե հաշվի առնենք այսօր խոշոր գերտերությունների վերադասավորումը, Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների կիրառումը, Ռուսաստանի տնտեսական վիճակը:

Սակայն Ս. Միքայելյանի ամենամեծ վախն այն է, որ չկրկնվի 1915 թվականը: Նա միանգամայն իրատեսական է համարում այս սցենարը` հաշվի առնելով տարածաշրջանային անկայուն իրավիճակը, ադրբեջանական բանակի անընդհատ սպառազինումը և նաև հայոց շրջանում տարածված այն պատրանքը, թե «Ռուսաստանը կփրկի մեզ» և «Ռուսաստանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը»:

Սասուն Միքայելյանը հիշեց պատմությունը. «15 թվին ռուսական զորքը հասավ մինչև Էրզրում, մի գիշերվա մեջ զենք-զինամթերքը տվեց թուրքերին ու հեռացավ, 1,5 միլիոն հայ մորթեցին»:

Նա չմոռացավ նաև հիշեցնել, որ «Հայաստանի անվտանգության երաշխավորը» 4 միլիարդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին:

«Այս իրավիճակում մեր գերագույն խնդիրը համախմբվածությունն է: Մենք մեր համախմբվածությամբ պետք է կարողանանք ինչ-որ դաս ձևավորել, որ, Աստված մի արասցե, պատերազմի դեպքում կարողանանք հնարավորինս դիմակայել»,- ընդգծեց Սասուն Միքայելյանը:

Տեսանյութեր

Լրահոս