Երուսաղեմի պատրիարքը «վայրահաչ բերաններ» է անվանել Հայ Առաքելական եկեղեցու մի քանի սրբազանի. Պատասխանները չեն ուշացել
Արդյոք հայ եկեղեցու պատրիարքին բնորո՞շ է «տղայի մը նման», էլեկտրոնային նամակի ոճով խոսել Վեհափառի հետ՝ զարմացած է Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նա մեկն է այն սրբազաններից, որի անունը վերջերս Ամենայն Հայոց կաթողիկոսին գրած իր երկրորդ նամակում նշել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Հայաստանյայց Առաքելական եկեղեցում ծառայող չորս սրբազան՝ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ՝ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանն այդ նամակում բնորոշվել են` իբրև «վայրահաչ բերաններ»:
Ավելին՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքը «նյութապաշտ» է անվանել Հայկազուն սրբազանին, իսկ Հովակիմ սրբազանի մասին գրել է՝ «Հովակիմ ասված ողբերգություն»:
Հայ հոգևոր և աշխարհիկ կյանքում դեռևս լիովին չի մարսվել Երուսաղեմի Պատրիարքի՝ 2013թ. օգոստոսին Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված նամակը, որ բազում քննարկումների տեղիք տվեց, պատրիարքն այս տարի ևս թեժացրեց մթնոլորտը` սկիզբ դնելով մի նամակագրության, որը թե՛ գլխավոր նամակի, թե՛ սրբազանների պատասխանների բովանդակությամբ աննախադեպ է հայ հոգևոր կյանքում:
Օգտագործված բառամթերքն անցնում է զսպվածության ու հոգևոր աշխարհին բնորոշ բոլոր սահմանները:
Ի՞նչն է այդպես բարկացրել Երուսաղեմի նորընտիր պատրիարքին, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գալու և տեղում հարցերը քննարկելու հրավերները մերժելու փոխարեն` հայկական լրատվամիջոցներում տարածում է իր զայրույթը: Առաջին նամակը գրելու դրդապատճառը, ինչպես հայտնի է, Ֆրանսիայի թեմում սկիզբ առած անհամաձայնությունն էր թեմի առաջնորդի և թեմում ծառայող մի քահանայի միջև, ինչին հաջորդել էր առաջնորդի հրաժարականը, որն էլ ընդունել էր Գերագույն խորհուրդը: Մինչդեռ, ըստ Երուսաղեմի պատրիարքի, «ինչպե՞ս կարելի է եկեղեցու իշխանավորը անտեսել` ի հաշիվ պարզ քահանայի մը»:
Այս հանգամանքն այնպես էր հունից հանել Երուսաղեմի Հայոց պատրիարքին, որ նա իր նամակում ամենակոշտ բառերով էր նկարագրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր մթնոլորտը՝ այն բնորոշելով իբրև ահ ու սարսափի, «գարշապար լիզողների» միջավայր, բնորոշումների մեջ չխնայելով անգամ Ամենայն Հայոց կաթողիկոսին, որի ձեռամբ է ինքը 1999 թ. դեկտեմբերի 14-ին ձեռնադրվել և օծվել իբրև եպիսկոպոս: Նամակը գրելուց հետո պատրիարքը բոյկոտել էր 1651 թվականից հետո առաջին անգամ հայ իրականության մեջ անցկացվող Եպիսկոպոսաց ժողովը և չէր ժամանել, չնայած, ըստ սահմանված կարգի, իբրև պատրիարք՝ համարվում է ժողովի փոխնախագահը, իսկ ժողովն էլ նկատվում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևոր ամենաբարձր իշխանության մարմինը:
Նամակից անցան ամիսներ, թվում է՝ կրքերը հանդարտվեցին, այս տարվա հունիսին պատրիարքն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ըստ հրապարակված լուսանկարների` տեղի ունեցավ ջերմ հանդիպում` Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաև՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իսկ Վեհափառի հետ հանդիպումից հետո Նուրհան Մանուկյանը «168 Ժամին» նույնիսկ հայտնեց, որ իր ու Վեհափառի միջև ոչ մի լարվածություն չկա, մոտավորապես՝ «նամակներ են, կուգան ու կանցնեն» ոճով` ասաց. «Ոչ մի հետին նպատակ չուներ այդ նամակը:
Մեր երկու աթոռները միշտ գործակցել են, միշտ սիրով են եղել միմյանց հետ, Մայր Աթոռը մեզ համար ամեն ինչից վեր է: Սա ամեն մարդ թող լավ իմանա: Հարցեր կարող են ծագել, ամեն ինչ լուծվող է»: Այդ թվացյալ հաշտությունից ամիսներ հետո, սակայն, Նուրհան Մանուկյանը կրկին բոյկոտեց այս տարվա (նոյեմբերի 11-13-ը) Մայր Աթոռում գումարված Եպիսկոպոսաց ժողովը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մեր հարցին ի պատասխան` հայտնել էր, որ պատրիարքը չի տեղեկացրել իր բացակայության պատճառի մասին: Իսկ իբրև շրջանառվող պատճառ` նշվում է այն, որ Վեհափառ հայրապետը չէր ընդունել Երուսաղեմի Հայոց պատրիարքի ներկայացրած երկու թեկնածուներից մեկին՝ Պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանին եպիսկոպոս ձեռնադրելու առաջարկը՝ «վերապահումներ» կան պատճառաբանությամբ:
Արտահայտությունը նաև Պարետ ծայրագույն վարդապետին է զայրացրել, որը Ամենայն Հայոց կաթողիկոսից նամակով պահանջել է գրավոր հայտնել այդ վերապահումների մասին: Թե ինչ վերապահումների մասին է խոսքը՝ հայտնի չէ, բայց տեղյակ ենք, որ ժամանակին սփյուռքահայ մամուլում շատ է գրվել Պարետ վարդապետի՝ տարբեր թեմերում ծառայելու ժամանակ դրսևորած անհաշտ խառնվածքի մասին, ինչի պատճառով էլ նա լքել է այդ թեմերն ու ի վերջո հանգրվանել Երուսաղեմում:
Օրերս Երուսաղեմի Հայոց պատրիարքի՝ համացանցում տարածված նամակում նաև այս մերժումն է դարձել զայրույթի պատճառ, իսկ նամակի առիթն ընդհանրապես այն է, որ պատրիարքին լուրեր են հասել, թե վերջերս Էջմիածնում տեղի ունեցած Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի ընթացքում ժողովականները փորձել են Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը թեմի վերածելու հարց քննարկել, ինչն անցնող օրերին հերթով ժխտեցին պատրիարքի նամակին պատասխանած Հովակիմ, Բագրատ և Միքայել սրբազանները, ինչպես նաև՝ Գերագույն հոգևոր խորհուրդը տարածեց հաղորդագրություն, նշելով, որ նման իրավասություն Մայր Աթոռը չունի՝ փոխելու դարերով գոյություն ունեցող պատրիարքության կարգավիճակը՝ միաժամանակ դատապարտեց պատրիարքի ներկա գործունեությունը (հատուկ այս հարցը քննարկելու համար գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով):
Երուսաղեմի պատրիարքը հատկապես Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանին է վերագրում նման «քաջաբար պահանջով» հանդես գալու նախաձեռնությունը, բայց իր պատասխան նամակում Շիրակի թեմի առաջնորդը զարմացած նշում է, թե որքան էլ նվազ լինեն իր մտավոր կարողությունները (պատրիարքի բնորոշմամբ), «նման ապուշություն» ինքն ի վիճակի չէր ասելու. «Եթե ես նույնիսկ հիմարությունն ունենայի նման «պահանջ» ներկայացնելու, ինձ առաջին լռեցնողն ու սաստողը հենց Վեհափառ Հայրապետն էր լինելու»:
Ի դեպ, պատրիարքի նամակում նաև սրբազանների «գրպանների ապահովություն» արտահայտությունն է շեշտվում, ինչին Շիրակի թեմի առաջնորդն այսպես է պատասխանել. «Ես 26 տարվա եկեղեցական եմ, որից 24 տարին ծառայել եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում՝ բացի Հռոմում ուսանելու երկու տարիներից, որի ընթացքում ապրել եմ ամսական 100 դոլար թոշակով: Թե որքան կարող էի ապահովել իմ գրպաններն այս 26 տարում, թողնում եմ Ձերդ Ամենապատվության հաշվապահական հմտություններին, մինչ ես չեմ էլ փորձի թեկուզ մտովի պատկերացնել Ձերդ Ամենապատվության գրպանների պարունակությունը՝ նկատի ունենալով Ձեր բազմամյա ծառայությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներում»:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր պատասխան նամակում «հայհոյախառն ու անհավասարակշիռ գրություն» է անվանել նամակը՝ նշելով. «Ճիշտ կլիներ պատրիարքն իր ամբողջ ջանքն ու եռանդը ներդներ Իսրայելի պետության կողմից Հայոց ցեղասպանության ընդունման և վերջնական ճանաչման գործընթացի ուղղությամբ, քան թե փողոցը Եկեղեցի տեղափոխելու մեջ»: Պատրիարք Սրբազանը, ըստ Բագրատ Գալստանյանի, «հայհոյանքը նախընտրել է աղոթքի փոխարեն, իսկ լուտանքը՝ օրհնության», մինչդեռ, ըստ Բագրատ Գալստանյանի, լավ կլիներ, որ նա գար և հոգևոր ուրախություն ապրեր 400 տարի ընդհատված և վերականգնված սրբադասման կարգով:
Մոտավորապես այսպիսի տոնայնություն ունի Բագրատ Գալստանյանի նամակի վերջին հատվածը՝ դե եթե Դուք մեղադրում եք մեզ, ապա ասեք տեսնենք, թե Դո՞ւք ինչ եք արել պատրիարք ընտրվելուց հետո. «Պատրիարքական երկու տարիների շրջանին ի՞նչ փոփոխություններ, ի՞նչ հոգևոր առաջընթաց է տեղի ունեցել Սուրբ Աթոռում: Արդյո՞ք վերացվել են նախկին ժառանգավորացի և թանգարանի տարածքի աղբանոցը, ի՞նչ վիճակում են գտնվում գանձատունը, ձեռագրատունը և պատմական գերեզմանատունը, որտեղ թաղված են ցեղասպանություն վերապրած մեր շատ հայրենակիցները: Արդյո՞ք երբեմնի փառահեղ տպարանը «օձերի և մուկերի բնակավայրից» (բնութագրումը սաղիմահայերինն է) վերափոխվել է՝ ծառայելու իր նպատակին, ձեռագրատան հսկայական ժառանգությունից ի՞նչ հոգևոր գրականություն է լույս ընծայվել Հայոց Երուսաղեմի տպարանում»: Բագրատ սրբազանը նշում է, որ հոգևոր գրականություն հրատարակելու փոխարեն` Երուսաղեմի հայոց պատրիարքն անձամբ հեղինակել և հրատարակել է ապարանցիների մասին զվարճապատումների եռհատորյա բանահավաքը՝ երբեմնի փառահեղ «Սիօն» ամսագրի փոխարեն:
«Դուք հետաքրքրված չեք Հայաստանով և հայաստանաբնակ ժողովրդով: Ձեր հետաքրքրությունների շրջանակը սկսվում և ավարտվում է հայաստանյան զվարճախոսությունների և խոհարարական հմտությունների պարունակի մեջ»,- ավելացնում է Միքայել եպս. Աջապահյանը:
Ստեղծված կացությանն արձագանքել են տարբեր երկրների հայկական հոգևոր կառույցներից, այդ թվում նաև` Երուսաղեմի պատրիարքությանը մոտ կանգնած նախկին միաբան Ոսկան Մխիթարյանը, որի նամակում մի ուշագրավ տեղեկություն կա, այն, որ այս ընդհանուր վիճակի մեջ իր դերն ունի մի հանգամանք. ոչ վաղ անցյալում, ինչպես նշում է Ոսկան Մխիթարյանը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը ցանկություն էր հայտնել ստանձնելու Երուսաղեմի Պատրիարքության կալվածքային տնտեսությունը, բայց միաբանությունը մերժել էր, և Պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանն այս հարցում բուռն արտահայտվողներից է եղել:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Երուսաղեմի պատրիարքության ներկայացուցիչների միջև ստեղծված ներկա կացության հանդեպ դիրքորոշում է ամեն օր դրսևորվում նաև Պոլսո հայկական համայնքում, որտեղ գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու մյուս նվիրապետական աթոռը՝ Պոլսո պատրիարքությունը. համայնքի երկու հնագույն ու ծանրակշիռ թերթերն ամեն օր անդրադառնում են թեմային. մարմարականները կանգնած են` Երուսաղեմի պատրիարքության, իսկ «Ժամանակի» շուրջ համախմբված մտավորականությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողքին:
Թեմայի շուրջ վերջին նամակը ստացվել է Գերմանիայի Հայոց թեմից. Սերովբե վարդապետ Իսախանյանը պատրիարքին խորհուրդ է տալիս քաջություն ու մեծություն դրսևորել՝ սխալն ընդունելու և ներողություն խնդրելու համար. «Մի՛ վարանեք այդ քայլը անելուց: Դա կբարձրացնի Ձեզ, հավատացե՛ք, բազում-բազում հայորդիների աչքում (բացառություններ միշտ լինում են, այստեղ էլ կլինեն բացառություններ դժբախտաբար), իսկ Աստծո աչքում` առավել ևս»:
Ըստ Երուսաղեմից ստացված տեղեկությունների, պատրիարքությունն այս պահին միջնորդ է փնտրում՝ կողմերի միջև հաշտություն և խաղաղություն կնքելու համար: