«Հո սոված չե՞նք նստելու. երեխային կերակրել է պետք». Փոքրիկը մնացել է առանց կաթի
Փոքրիկ Ռոբերտն ընդամենը 4 ամսական է, սակայն նրա համար սննդի միակ աղբյուր հանդիսացող կաթը գնելու հնարավորություն նրա ծնողները չունեն: Արդեն երկու ամիս է` նա ինքնակամ հրաժարվել է մայրական կաթից: Ռոբերտն ապրում է սոցիալապես անապահով ընտանիքում. հայրը` 31-ամյա Ալբերտ Զաքարյանը, դեռևս մանկուց տառապում է գլխացավերից, ինչի պատճառով հաճախ ուշագնաց է լինում և արդյունքում` չի կարողանում նույնիսկ աշխատել: «Առավոտյան վեր եմ կենում, գնում աշխատանքի, բայց մի երկու ժամ հետո թևերս ընկած տուն են բերում:
Շինարարությամբ եմ զբաղվում, բայց տվյալ տան տերն ասում է, որ իրեն այդպես ձեռք չի տալիս, և, որ իրեն նորմալ գործ անող է պետք: Բայց դե հո սոված չե՞նք նստելու, այս երեխային գոնե կերակրել է պետք»,- ասում է նա:
Մի քանի անգամ դիմել է բժշկի, սակայն ոչ ոք հստակ պատասխան չի տալիս, չգիտեն, թե որն է հիվանդության ու գլխացավերի բուն պատճառը: Արդյունքում` չեն կարողանում անգամ հաշմանդամության կարգ ձևակերպել` պետությունից նպաստ ստանալու համար:
Ռոբերտի մայրը` 20-ամյա Ռոզա Ադամյանը, 4 տարի առաջ է մոր հետ Ղազախստանից տեղափոխվել Հայաստան: Կապը հարազատների ու բարեկամների հետ արդեն վաղուց կորցրել է. «Հիմա կապը կտրվել է անգամ մորս հետ, քանի որ նա դեմ էր իմ ամուսնությանը: Հիմա նա էլ ապրելու ոչ մի պայման ու հնարավորություն չունի. Արտաշատում է ապրում և փողոցներում մուրացկանություն անելով` գոյությունը պահպանում: Ես այստեղ միայնակ եմ, ոչ ոք չունեմ: Հիմա ի՞նչ անենք, որ ամուսինս հիվանդ է, նա ապրելու իրավունք չունի՞, նա էլ է մարդ, մենք էլ իր հարազատներն ենք, ապրում ու տանջվում ենք իր հետ միասին»:
Ալբերտն իր նորաստեղծ ընտանիքի հետ ապրում է իր Ռիմա տատիկի տանը: Տունը հենց տատիկինն է, միայն նա է գրանցված այդտեղ, սակայն այն տուն կոչելը մի փոքր դժվար է. Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցի 68ա հանրակացարանի մի սենյակում, փաստորեն, 3 չափահաս մարդ է ապրում` մի նորածնի հետ: Ռիմա տատիկը պատմում է, որ արդեն 24 տարի է` բնակվում է այդտեղ, սակայն հիմա, երբ իր հետ թոռն էլ է բնակվում իր ընտանիքով, տանն անգամ շարժվելու տեղ չկա: «Բալես, մի րոպե այն կողմ գնա»,- ասում է նա` ցույց տալու համար գետնին փռված անկողինը, որտեղ քնում են երիտասարդ ամուսինները:
«Տունը ջրի մեջ կորած է, խոնավությունից ամեն ինչ փչանում է, գիշերը շորերով ենք քնում, որ չմրսենք: Բայց դա էլ չի օգնում, խոնավ է, ցուրտ, ապրել չի լինում: Ես էլ ստիպված երեխային ինձ հետ եմ քնեցնում այս անկողնում: Այս հանրակացարաններում անգամ նորմալ բաղնիք-զուգարան էլ չկա: Ամիսը մեկ անգամ թե գումար է լինում, բաղնիք ենք գնում: Բա ի՞նչ անենք, ուրիշ ճար չունենք»,- ասում է նա:
Ռիմա տատիկը նույնպես հիվանդ է: 76-ամյա այս կինն ունի շաքարային դիաբետ, աղիների, ողնաշարի ու ոտքերի հետ կապված խնդիրներ, ինչի պատճառով էլ չի կարողանում իր վրա վերցնել երեխայի խնամքը, որպեսզի գոնե երիտասարդ Ռոզան կարողանար դուրս գալ, աշխատել: «Ինձ առաջարկներ եղել են աշխատելու, բայց ես չեմ կարող: Ռիմա տատիկը երեխային չի կարողանում պահել, վատանում է, ես էլ չեմ կարող այդպես թողնել երեխային ու գնալ: Իմ երեխային պահող չկա, միայն ես եմ: Իհարկե, ես աշխատանք կփորձեմ գտնել, բայց միայն այն ժամանակ, երբ երեխան արդեն մեծացած կլինի: Ուրիշ ճար չունեմ»,- ասում է Ռոզան:
Այս ընտանիքն ապրում է Ռիմա տատիկի ստացած թոշակի և նպաստի հաշվին, որն ընդհանուր առմամբ կազմում է 45 հազար դրամ: Ասում են, որ շատ չէին նեղվի, եթե գոնե երեխային կարողանային սնունդով ապահովել: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը փորձել է այդ հարցով օգնություն ցուցաբերել ընտանիքին և պարբերաբար մանկական կաթի փոշի է տրամադրում, սակայն, ինչպես հետագայում է պարզվել` կաթը նախատեսված է ստամոքսի խնդիրներ ունեցող երեխաների համար, ինչը, բնականաբար, փոքրիկ Ռոբերտի օրգանիզմի վրա վատ է անդրադառնում: Արդյունքում` երեխան աղիների խնդիրներ է ունենում, և փսխում է առաջանում: Հիմա վախենում են նորից այդ կաթով կերակրել երեխային, թեև երբեմն ճարահատյալ հենց այդպես էլ անում են` պարզապես երեխային սոված չպահելու համար:
Այս ընտանիքը չգիտի անգամ` ումից օգնություն խնդրի, որպեսզի կարողանա երեխային առողջ կաթով կերակրել, ապրելու, բնակվելու նորմալ պայմաններ ունենալ, հագնվել, սնվել և այլն: Այսինքն` ապրել այնպես, ինչպես սովորական մարդիկ: Ալբերտը պետությունից ակնկալում է օգնություն` գոնե փոքրիկ տնակի տեսքով, որտեղ կկարողանա մարդավարի պայմաններին մոտ ապրել երիտասարդ կնոջ և նորածին երեխայի հետ: Ասում է` լավ կլիներ, որ գոնե իր հաշմանդամությունը հաշվի առնելով` իրեն նպաստ նշանակեին: