Ինչ չեն կիսում ՀՔԾ-ն ու Գլխավոր դատախազությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հոկտեմբերի 29-ին տարածած պարզաբանման մեջ Գլխավոր դատախազությանը կոչ էր արել «ՀՀ գլխավոր դատախազության նման ծանրակշիռ կառույցին բնորոշ զսպվածություն ցուցաբերել և հանրությանը տրամադրել իրավաբանորեն հիմնավորված տեղեկատվություն՝ ընթերցողներին թյուրըմբռնումից զերծ պահելու համար»: Խնդիրն այն է, որ Գլխավոր դատախազության Հատկապես կարևոր գործերով քննության վարչության որոշմամբ՝ վերացվել էր «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը:

Դրա վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ Դատախազությունը նշել էր, որ ՀՔԾ-ն նախաքննությունն «իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, անձին՝ Մարինե Խաչատրյանին տուժող ճանաչելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում վերջինս տուժող չի ճանաչվել»: Քրեական գործը վերադարձվել էր ՀՔԾ՝ նախաքննություն իրականացնելու համար, հանձնարարվել էր Մարինե Խաչատրյանին տուժող ճանաչել:

Իր պարզաբանման մեջ էլ ՀՔԾ-ն նշել էր. «Նախ, հաղորդագրության նախաձեռնողին պետք է քաջ հայտնի լիներ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսդրության համաձայն` քրեական գործերը քննվում են ոչ թե կազմակերպության, այլ նրա կոնկրետ քննիչի վարույթում: Բացի այդ, քննիչի որոշումը վերացնում է ոչ թե ՀՀ ԳԴ-ն, կամ նրա վարչություններից մեկը, այլ կոնկրետ դատախազը:

Նման պարագայում արդեն օրինաչափություն դարձած այն տերմինաբանությունը, երբ հաղորդագրություններում նշվում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը վերացնելու մասին, հանրության մոտ կարող է ստեղծել թյուր կարծիք, թե՝ կոնկրետ հարցի վերաբերյալ առկա է ոչ թե քննիչի և կոնկրետ դատախազի օրենքով սահմանված լիազորությունների իրականացման դեպք, այլ հանրային նշանակություն ունեցող հարցի կապակցությամբ երկու գերատեսչությունների հակասություն, ինչն իրականում գոյություն չունի:

Կարդացեք նաև

Ընդ որում, դեռևս հարց է, թե այս պարագայում հասարակական հնչեղություն ունեցող դեպքերին օրենքով սահմանված կարգով տրված գնահատականներին առերևույթ չհամաձայնելու, այդ մասին հանրահաճո արտահայտություններով բարձրաձայնելու ընթացքում ինչ նպատակներ են հետապնդվում»:

ՀՔԾ-ն անհրաժեշտ էր համարել նշել, որ գործի նախաքննության ընթացքում բավարար հիմքերի առկայության դեպքում դատախազն իրավասու էր կայացնել անձին տուժող ճանաչելու մասին որոշում, սակայն գործի նախաքննության «շուրջ 1.5 ամսվա ընթացքում» դատախազի կողմից նման բան չի արվել: ՀՔԾ-ի գնահատմամբ՝ «Գլխավոր դատախազության կողմից հայտնի հաղորդագրությամբ փորձ է արվել հանրային հնչեղություն ունեցող գործով առիթն օգտագործելով՝ հանրության առաջ արժևորել Դատախազությունը, մեկ այլ պետական կառույցի աշխատանքները թերագնահատելու հաշվին՝ առանց անդրադառնալու նույն խնդրի կապակցությամբ դատախազի թույլ տված բացթողումներին»:

ՀՔԾ հաղորդագրության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը մեր հարցին ի պատասխան` հայտնեց. «Նախ` ակնհայտ փաստ է, որ որևէ կառույցում (գերատեսչությունում) գործառույթներն իրականացվում են տվյալ գործի համար պատասխանատու անձի կամ անձանց միջոցով: ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրությունում անձանց անուններ չհրապարակելու նպատակը հենց գործը չանձնավորելն է, քանի որ հանրության համար կարևոր է ոչ թե քննիչի կամ դատախազի անձը, այլ գործի ընթացքը, թե տվյալ կառույցը (գերատեսչությունը) ինչպիսի լուծում և գնահատական է տալիս:

Այդ պարզ պատճառով հաղորդագրությունում անուններ չեն նշվել, ընդ որում՝ դա արվել է առանց ենթատեքստերի: Իսկ կոնկրետ դեպքում քննարկվող քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման վերացման զուտ իրավական մասնագիտական խնդիրներով հանրությանը չծանրաբեռնելու համար` ընդամենը հարկ ենք համարում հիշեցնել, որ Սահմանադրությամբ Դատախազությանը վերապահված է նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողական լիազորություն, այսինքն՝ Դատախազությունը կարող է վերացնել նախաքննական մարմնի որոշումները, ցուցումներ տալ քննիչներին, նաև անձին տուժող ճանաչել…: Դատախազի կողմից իր լիազորություններից որևէ մեկից չօգտվելը, որևէ կերպ չի արդարացնում տվյալ գործով նախաքննության մարմնի կողմից անձին տուժող չճանաչելու փաստը:

Ինչ վերաբերում է հրապարակման «բարոյախրատական» մասին, ապա դարձյալ պետք է հիշեցնել, որ ինչպես` Դատախազությունը, այնպես էլ` նախաքննական մարմիններն իրավական գործառույթ իրականացնող կառույցներ են, որոնց գործունեությունը (հրապարակային կամ ոչ) սահմանափակվում է բացառապես իրավունքի շրջանակներում: ՀՀ գլխավոր դատախազության հրապարակումները պարբերաբար միջանձնային հարաբերությունների դաշտ բերելն ու տարբեր, անհիմն ենթատեքստերով շրջանառելը պարզունակ և անհեռանկար զբաղմունք է:

Դատախազությունն իրականացնում է օրենքով սահմանված իր լիազորությունները, այդ թվում` անհիմն և ապօրինի որոշումները վերացնելու եղանակով, և պետական որևէ կառույցի իրավական գիտելիքների խորությունը և բարոյախրատական տոնի իրական արժեքը տեսանելի կլինի կատարված աշխատանքի արդյունքում»:

tigran-atanesyanՄեզ հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանը դժվարացավ նշել՝ արդյոք նման հաղորդագրության տարածումը նորմա՞լ է, թե՞ ոչ. «Առհասարակ այդ հիմնարկների գործունեության մեջ «նորմալ» բառը, իմ կարծիքով, տեղին չէ: Ինչ վերաբերում է այդ հայտարարություններինգ դրանք ցույց են տալիս, որ գոյություն ունի պայքար այդ հիմնարկների ղեկավարների միջև՝ կամ ազդեցության ոլորտների բաժանման, կամ ինքնահաստատման համար: Ամեն դեպքում ճիշտ չէ, որ իբր սովորական թվացող իրավական որոշումներն այսպիսի հնչեղություն են ստանում: Շատ նորմալ է, երբ դատախազն է վերացնում քննիչի որոշումը, կամ քննիչն է բողոքարկում: Դրանք օրենքով նախատեսված գործընթացներ են: Բայց այս հայտարարությունները վկայում են մեկ այլ բանի մասին՝ հռոմեական սկզբունքն է իշխում մեր երկրում՝ բաժանիր, որ իշխես:

Եվ, բնականաբար, եթե չլիներ թողտվություն ամենավերին ատյաններից, նման հայտարարություններ կամ նման «պայքար» չէր լինի: Մի բան է ուրախացնող սովորական ժողովրդի համար՝ միգուցե այս ձևական հակասության մեջ սովորական մարդիկ օգտվեն, և մեկ-մեկ արդարացի որոշումներ կլինեն իրենց նկատմամբ: Իսկ թե հիմնարկների ղեկավարներն ի՞նչ են իրար մեջ կիսում, դա ժողովրդի հետ որևէ առնչություն չունի, դա նեղ անձնական, նեղ իշխանական ինչ-որ պայքար է, որի մասին նորմալ մարդն ինչքան քիչ իմանա, այդքան լավ»:

Հարցին` արդյոք իր նշած հակասությունները ձևակա՞ն են, փաստաբանը պատասխանեց. «Ձևական չէ, դա ինչ-որ պայքարի նշան է, բայց պայքար ոչ թե գերատեսչությունների միջև արդարության կամ օրենքի, այլ գերատեսչությունների ղեկավարների միջև` ազդեցության ոլորտների համար»: Տիգրան Աթանեսյանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք իր կարծիքով` ստեղծված իրավիճակը կարո՞ղ է դրական կամ բացասական կերպով ազդել մարդկանց իրավունքների վրա: «Դրական որևիցե բան Գլխավոր դատախազությունից կամ Հատուկ քննչական ծառայությունից, իմ կարծիքով, ոչ մի խոհեմ մարդ չի կարող ակնկալել այս երկրում: Բայց երբ նման պայքար է գնում, հնարավոր է, որ սովորական քաղաքացու բախտը պարզապես բերի` այդ հիմնարկների ղեկավարների կամքից անկախ, և արդարադատություն լինի իր նկատմամբ: Լա՞վ է դա, թե՞ վատ: Մի դեպքում` դա լավ է, բայց, ընդհանուր առմամբ, իհարկե, վատ է, երբ այդ հիմնարկների գործունեությունը որևէ կապ չունի արդարության հետ»:

Նշենք, որ ավելի վաղ Դատախազության նույն վարչության դատախազի որոշմամբ՝ վերացվել էր ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի և նույն բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ որոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս