Երվանդ Զախարյանի ամանորյա «նվերը» կամ պայքարի նոր փուլ
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին երեկ վերջապես իրականությունն է ասվել:
Սև իրականությունը: «168 Ժամի» տեղեկություններով` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն օրերս գործարանի ակտիվի հետ հանդիպումից և տված շռայլ խոստումներից հետո, ավելի ուշ, «Նաիրիտի» ղեկավար Ռուբեն Սաղաթելյանին բոլորովին այլ բան է ասել` այն, ինչ մենք արդեն գրել էինք մեր նախորդ հրապարակումներում:
Ավելի կոնկրետ` Ե. Զախարյանը հրահանգել է կյանքի կոչել իր մշակած վերագործարկման առաջարկությունների փաթեթը, որը ոչ այլ ինչ է, քան բալաստից ազատում ու «Նաիրիտի» սնանկացման սկիզբ: Ըստ այդմ` նախատեսվում է գործարանի աշխատակազմի առավելագույն կրճատում և աշխատավարձերի ծավալի նվազեցում: Եվ ահա երեկ Ռ. Սաղաթելյանն այս մասին տեղեկացրել է աշխատակիցներին, ինչն անասելի վրդովմունք է առաջացրել:
«168 Ժամի» հետ զրույցում այս լուրը հաստատեց գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը: Ըստ նրա` այսօրվանից «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի ողջ աշխատակազմը կստանա ծանուցագրեր առ այն, որ 2015թ. փետրվարի 6-ից լուծարվելու է յուրաքանչյուրի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Այսինքն` հավաքարարից մինչև տնօրեն ստանալու են աշխատանքից կրճատվելու մասին ծանուցագիր: Սակայն շուրջ 500 հոգու հետ նոր պայմանագրեր կկնքվեն` գործարանի պահպանման աշխատանքների համար: Աշխատավարձերի վերաբերյալ Ա.Հարությունյանը հայտնեց, որ 400 հազար դրամից բարձր վարձատրվող 178 հոգու աշխատավարձերը կրճատվելու են մի քանի անգամ:
«Գործարանի մոտ մարդիկ հավաքվել էին քիչ քանակով, այդքան շատ չէին այդ պահին խնդիրներ դնելու համար: Իրենք էլ տնօրենից լսեցին նույնը, և որոշում կայացվեց` առաջիկա շաբաթվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, ինչ-որ քայլեր կձեռնարկվեն` միակ պահանջով` վճարել աշխատավարձը` ամբողջը, ինչպես խոստացել էր նախարարը մեկ ամիս առաջ: Մարդիկ լսել են այդ խոստումը: Նրանք 4 տարի սպասում են իրենց աշխատավարձը ստանալուն, և հանկարծ ինչ-որ պահի ասում են` լինելու է, ամբողջը վճարվելու է:
Բնականաբար, մարդիկ ոգևորվում են, ուրախանում են, ինչ-որ խնդիր է լուծվում իրենց համար և, շոկային թերապիայի նման, ընդամենը մի քանի շաբաթ անց ասում են` ամբողջը չեն տալու, միայն մեկ ամսվա կլինի, և դեկտեմբերին` ևս մեկը,- ասաց Ա.Հարությունյանն ու հավելեց,- Մարդիկ իրենց հույսը չեն կորցնում, որ կստանան ամբողջ աշխատավարձը: Եթե կար ինչ-որ պահ, որ դա հնարավոր էր, ինչո՞ւ հաջորդ պահին այլևս հնարավոր չի»:
Ինչո՞ւ Զախարյանը գործարան այցելության ժամանակ հոգատար հոր դեր խաղաց հեռուստատեսային ԶԼՄ-ների առջև ու պարզ ճակատով չասաց այն ամենը, ինչ ծածուկ կերպով հետո ասել է Սաղաթելյանին: Կամ նաիրիտցիներն իրենք որքա՜ն դյուրահավատ են եղել, որ հավատացել են «մազութի գործի» հերոսին, Երևանի կենտրոնի բնակիչներին անտուն թողած ու ապօրինի շինարարության հովանավոր նախկին քաղաքապետինգ
Եվ այժմ, ոտնահարելով ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը, միանգամից անգործ ու անփող է թողնում հազարավոր մարդկանց: Դրանով իսկ գլխատում է «Նաիրիտը» ու զրկում այն փորձառու մասնագետներից, առանց որոնց քիմիական երբեմնի հսկան այլևս ոտքի չի կանգնի:
Այդ «առաջարկությունների փաթեթ» կոչվածով հաշվարկել էին, որ 2015թ. հունվարի 1-ի դրությամբ աշխատանքից ազատվողների վերջնահաշվարկը կկազմի 6 մլրդ 539.3 մլն դրամ: Զախարյանն անգամ ջանք չի գործադրում նաիրիտցիներին բացատրություն տալ, թե այդ ի՞նչ «լեզվի սայթաքում» էր, որ նախ` ի լուր բոլորի խոստանում է վճարել ամբողջ աշխատավարձը, իսկ շատ չանցած՝ ետ է կանգնում իր խոսքից: Կարո՞ղ է լինել նման պետական այր, և ինչպե՞ս կարելի է հավատալ պետական այդ այրի մյուս խոստումներին՝
ՀԲ-ի իրականացնելիք տեխնիկական աուդիտին, և այլն, և այլն: Եվ իրենց անգործությունը կամ մեղսակցությունը (թող ընտրեն իրենք) արդարացնելու համար շատ հեշտ պատճառաբանություն են հորինել իշխանավորները՝ «իրավական հիմքի բացակայություն»:
«Գիտակցում ենք, որ ՀՀ սահմանադրությամբ պարտավոր ենք պաշտպանել Ձեր իրավունքները: Եվ կառավարությունը, և նախարարությունը պատրաստ են հետևողական լինել: Լինել ձեր կողքին և համապատասխան աջակցություն ցույց տալ ձեր խնդիրների լուծման գործում, բայց կառավարության կողմից արված յուրաքանչյուր քայլ պետք է լինի իրավական տեսանկյունից հիմնավորված»,- ասել էր Զախարյանը:
Այսքանով «քցոցին» չի ավարտվում. այս «իրավական հիմնավորված» ձևով, իսկ իրականում՝ օրենքի կոպտագույն խախտումով, նախկինում աշխատանքից ազատված նաիրիտցիներն իրենց կուտակված աշխատավարձի պարտքն ու վերջնահաշվարկը, որ վաղուց պետք է ստացած լինեին, այս անգամ չեն ստանա:
Նրանց պարտքը մարելու ժամանակացույց էր մշակվել, և ամեն անգամ աշխատողների հետ հավասար` նրանց էլ էին վճարում: Այժմ հրահանգված է չվճարել: Եվ, ամենայն հավանականությամբ, նույնն է սպասվում մյուս բոլոր աշխատողներին, որ շուտով գործից ազատվելու են: Նրանք էլ չեն ստանա վերջնահաշվարկն ու աշխատավարձի կուտակված պարտքը: Իսկ գործարանի սնանկացման դեպքում նրանց գրոշներ էլ չեն հասնի: Չէ՞ որ «Նաիրիտի» եղած-չեղածի վաճառքից առաջացած միջոցները նախ` պետք է ուղղվեն գործարանի թալանի հետևանքով գոյացած միլիոնավոր վարկերի ու դրանց տոկոսադրույքների մարմանը, էլեկտրաէներգիայի, ջրի վարձավճարների պարտքերին, և այլն, և այլն:
Նախկին ու ներկա կառավարությունների ջանքերի արդյունքում գործարանն այժմ նմանվում է վերջին շնչում գտնվող հիվանդի, որին, իհարկե, ցանկության դեպքում դեռ կարելի է վերակենդանացնել: Ընդամենը հարկավոր է ճիշտ դեղամիջոց և անդուլ կռիվ հիվանդության դեմ: Այժմ նաիրիտցիներին պայքարի նոր փուլ է սպասում, պայքար` առանց վարդագույն ակնոցների և առանց որևէ սպասելիքի ներկա իշխանությունից:
Հ.Գ. Շուրջ 1.5 տարի առաջ, երբ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայր Աշոտ Սարգսյանը հրաժարական տվեց «Նաիրիտի» փոխտնօրենի յուղոտ պաշտոնից, շատերը դա հիմնավորում էին պարզապես մարդկային՝ անհատական որոշմամբ, հանգստի անցնելու ցանկությամբ, և այլն: Եվ նույնիսկ նրա մոտ 42 մլն դրամ վերջնահաշվարկ ստանալն էր հերքվում կամ էլ արդարացվում: Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ Աշոտ Սարգսյանն այն մարդկանցից էր, որ հստակ գիտեր` ինչ է կատարվելու, և չհապաղեց լքեց խորտակվող նավը: