Ընկուզեղենի տեսակների առանձնահատկությունները
Բուժիչ նամակներ
Անցած դարի 70-ական թվականներին եվրոպացի և ԱՄՆ սննդաբանները հայտարարեցին, որ ընկուզեղենը նպաստում է գիրանալուն և սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը, քանի որ դրանց էներգետիկ արժեքը շատ բարձր է։
Դարի վերջում ընկուզաֆոբիայի ալիքը մարեց, գիտնականներն ապացուցեցին, որ ընկույզները չեն կարող գիրացնել, քանի որ դրանց մեջ քիչ է ածխաջրերի պարունակությունը, իսկ ճարպերն իջեցնում են վատ խոլեստերինի մակարդակը, քանի որ հիմնականում բաղկացած են բազմաչհագեցած ճարպաթթուներից։ Պարզվել է նաև, որ ընկուզեղենի մեջ կան ֆոլատներ և արգինին, որոնցից առաջինն ունի բարերար ազդեցություն՝ սրտի, իսկ երկրորդը` արյունատար համակարգի և ուղեղի վրա։
Ընկուզեղենը վիտամինների, միկրո, մակրոտարրերի և սպիտակուցների կարևորագույն աղբյուր է. խորհուրդ է տրվում ուտել օրը 30-50 գրամ, իսկ ոչ մսակերներին` 100-150 գ։
Ընկույզների տեսականին մեծ է, ես կպատմեմ դրանցից մի քանիսի առանձնահատկությունների մասին։
Կեշյու
Հայրենիքը Հարավային Ամերիկան է։ Թարգմանաբար կեշյու նշանակում է` «դեղին պտուղ», որի գագաթի վրա հասունանում է քաղցրահամ միջուկ և մուգ, ամուր արտաքին թաղանթ ունեցող ընկույզը։ Միջուկը, ինչպես պնդուկի դեպքում, միացված չի արտաքին թաղանթին և այդ իսկ պատճառով այս երկու տեսակներն անվանում են ընկույզների թագավորության արքաներ։
Կեշյուի միջուկը հարուստ է հատկապես ամինաթթուներով և երկաթով, այն հրաշալի ձևով կարգավորում է նյութափոխանակության գործընթացն օրգանիզմում, լավ է համակցվում տապակած բանջարեղենի, բրնձով պատրաստված ուտեստների, սպիտակ գինու հետ։
Պնդուկ
Հայրենիքը Փոքր Ասիան է։ Պտուղն աչքի է ընկնում յուրահատուկ բուրմունքով։ Հնագույն ժամանակներից բարձր են գնահատվել պնդուկենու տարբեր մասերի բուժիչ հատկությունները և պտղից ստացվող յուղը։ Պնդուկի միջուկը հարուստ է ֆոսֆորով և կալիումով։ Հատկապես օգտակար է երեխաներին և տարեց մարդկանց` ամրացնում է ոսկորները, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նպաստում է վնասակար նյութերի հեռացմանը։ Լավ է համակցվում սև թեյի հետ, անփոխարինելի ուտեստ է ցուրտ միջավայրում աշխատող մարդկանց համար։
Նուշ
Հայրենիքը Փոքր Ասիան է` Միջերկրածովյան ավազանին կից որոշ այլ տարածքներ։ Պատկանում է վարդածաղկավորների ընտանիքին, մոտակա «ազգականներն» են դեղձը և ծիրանը, որոնք կորիզապտուղներ են։ (Տե՛ս Ջ. Սահակյան, «Մոգական բուժարարներ», թ. 3 գրքույկ, Երևան, 2014թ.)։
Նուշը հնագույն ժամանակներից համարվում է ամենաէլիտար ընկույզներից մեկը, սա այն դեպքն է, երբ ավանդույթի ուժն ավելի մեծ է, քան ժամանակակից գիտական դասակարգումը։
Նուշն աչքի է ընկնում կալցիումի և E վիտամինի առատությամբ, յուղը մեծ կիրառում ունի գեղարարությունում։ Հրաշալի կերպով է համակցվում բաց գույնի գարեջրի հետ։
Սննդաբանները խորհուրդ են տալիս ետճաշիկին ուտել մի քանի նշի միջուկ, որոնք կզսպեն քաղցը մինչև ընթրիքը։
Magic nuts
Այդպես են կոչել և կոչում պիստակը, քանի որ այն նպաստում է ֆիզիկական և մտավոր ուժերի արագ վերականգնմանը։ Պիստակը հարուստ է բնական հակաօքսիդանտ նյութերով, որոնք երիտասարդացնում են օրգանիզմը։
Պիստակենու տերևները հարուստ են եթերային յուղերով, իսկ ճյուղերը` խեժով, որոնց արտադրությունը գիշերային ժամերին ժամանակավորապես դադարում և միայն այդ ընթացքում են հավաքում պիստակենու հասունացած մոգական ընկույզները։ Բոված ընկույզներն ավելի համեղ են դառնում, եթե դրանք ցայեք կիտրոնի հյութով, և լավ են համակցվում կոնյակի հետ։
Հողի ընկույզը
Զարմանալի ճակատագրի է արժանացել արախիսը` պատկանում է լոբազգիների ընտանիքին, իսկ դասվում է ընկուզեղենի թվին, քանի որ արախիսի սննդային արժեքը շատ բարձր է։
Արախիսը պարունակում է ռեսվերատոլ, որը կա նաև կարմիր խաղողից ստացվող գինիներում։ Այդ հակաօքսիդանտ նյութը կանխարգելում է բազմաթիվ հիվանդությունների զարգացումը, ամրացնում է օրգանիզմի նյարդային համակարգը։
Հողի ընկույզից ստացվող յուղը հարուստ է վիտամիններով։
Արախիսի համային նուրբ երանգներն առավել լավ են ընդգծում խնձորի, անանասի, այլ մրգերի հյութերը և չոր սպիտակ գինին։
Բերտոլեցի. Սելենի մատակարար ընկույզ
Ինչպես և արախիսը, բրազիլական ծագում ունի։
Բերտոլեցիի սպիտակ ծաղիկները բուսաճական շրջանում խտանում և մեծանում են, հրաշալի ձևով վերածվում կաշվեպատ երկարավուն պարկերի, որոնց քաշը հասնում է 1500 գ։ Այդ պարկերի մեջ կան սպիտակ միջուկ և կոշտ թաղանթ ունեցող սերմեր, որոնք բաժանվում են իրարից, ինչպես նարնջի դիլիմները։ Սերմերն անվանում են բրազիլական ընկույզ։
Բրազիլական ընկույզը հարուստ է սելենով, որն անհրաժեշտ է մեր օրգանիզմի բոլոր բջիջներին։ Այս քիմիական տարրն ունի համակարգային կարևորություն` ինչպես ջուրը և օդը (տե՛ս Ջ. Սահակյան, «Մոգական բուժարարներ», թ. 4 գրքույկ, Երևան, 2014թ.)։
Ամենաթանկարժեք ընկույզը
Անհիշելի ժամանակներից Ավստրալիայում պաշտել են մի բույս, որի պտուղը բուժում է միգրենը, ոսկորների հիվանդությունը և ավիտամինոզը։
Բույսը հետաքրքրել է շոտլանդացի գիտնական Ջոն Մակադամին, ով սկսել է մշակել և տարածել այն։
Բույսի պտուղը կոչվել է ի պատիվ գիտնականի` «Մակադամի ընկույզ»։ Ընկույզից ստացվող արժեքավոր յուղը մեծ կիրառում ունի գեղարարության մեջ` որպես մաշկը սնուցող և խոնավացնող միջոց։
Մակադամի ընկույզի միջուկի անջատումն արտաքին թաղանթից շատ աշխատատար է, ինչը բարձրացնում է պտղի և յուղի գները։
Հետաքրքիր է, որ ավստրալիական ընկույզի համը գրեթե անհնարին է տարբերել պնդուկից, սակայն առաջինի էներգետիկ արժեքը մոտ 10-15 % բարձր է։
Աֆրոդիզիակ ընկույզներ
Սիբիրյան մայրի տեսակի ծառատեսակի փոքր ընկույզները հնուց անվանվել են «սիրո սերմեր»։ Ժամանակակից «էրոտիկ» խոհանոցում մայրու ընկույզի միջուկը գնահատվում է` որպես սեռական ուժն ակտիվացնող բաղադրամաս։
Այս ընկույզը սննդային արժեքով գերազանցում է նույնիսկ միսը և կաթը։ Շատ լավ է համակցվում թռչնի մսի, մեղրի, ցիտրուսների, սպիտակ գինու հետ։
Պոպոքենու հրաշք հատկությունների մասին գրվել է վերջերս («168 Ժամ», 18 սեպտեմբեր, 2014թ.)։
Հ.Գ. Ավելացնեմ, որ պոպոքենու, պնդուկենու, մայրու և դրանց ընկույզների հրաշալի բուժիչ հատկությունների վերաբերյալ կարող եք կարդալ իմ «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գրքում։ Այս բույսերն ընդգրկված են կելտ իմաստունների կազմած օրացույց գուշակարանում։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: