ԳԽ պատգամավոր. Կոչ եմ անում ցուցաբերել անկախ պետության հիմնադիր հայրերին արժանի վարք
ՀՀ Գերագույն խորհրդի հարգելի՛ պատգամավորներ,
Պատմական դեպքերի օբյեկտիվ զարգացման ընթացքում մեզ և մեր սերնդին բախտ է վիճակվել առանձնահատուկ դեր ունենալ հայ ժողովրդի և Հայաստանի պատմության մեջ. կատարել քաղաքական որոշիչ քայլեր՝ թելադրված մեր նախնիների հավերժական կանչով ու սեփական պետություն ունենալու բազմադարյա երազանքով: Եվ մենք այդ որոշումներն ընդունեցինք ժողովրդական լայն զանգվածների ձգտումների հիման վրա, քաղաքական խորազնին վերլուծությունների և ճշգրիտ հաշվարկների արդյունքում:
Մենք Հայաստանի գերագույն իշխանության այն ներկայացուցիչներն ենք, ովքեր, օժտված լինելով ժողովրդի լայն զանգվածներից ստացած իրավունքով, միս ու արյուն են տվել Հայաստանի անկախ պետության կայացմանը: Հիշեցնեմ՝ 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունել ենք Հայաստանի անկախ պետականության համար ուղենիշային Անկախության Հռչակագիրը, ապա՝ 1991 թ. սեպտեմբերի 23-ին՝ հենվելով Անկախության հանրաքվեի արդյունքների վրա՝ Հայաստանը հռչակել ենք անկախ պետություն: Եվ այդ ոգով էլ ընդունվել Է ՀՀ օրենսդրությունը, իրականացվել պետական շինարարությունը:
Այդ հիրավի պատմական որոշումներն ու փաստաթղթերը վերանայման ենթակա չեն և վաղեմության ժամկետ չունեն: Դրանք մշակվել, գրվել և ընդունվել են դարերի համար, և որևէ իշխանություն, բացի հայ ժողովուրդը իր միասնական կամքն արտահայտող հանրաքվեով, չի կարող փոխության ենթարկել Հայաստանի անկախ Հանրապետության քաղաքական որոշումները և Հայաստանը մղել դեպի այնպիսի վերազգային կառույցներ, որոնք ստվեր կգցեն մեր ինքնիշխանության վրա: Այն իշխանությունը, որը կփորձի նման քայլի դիմել, ի սկզբանե օրենքից դուրս է:
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալը, որն իրականացնելու համար ներկա իշխանությունները ջանք չեն խնայում, ամբողջովին հակասում է հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շահերին, քանզի հակասում է այն հիմնարար սկզբունքներին, որոնք ամրագրված են մեր ընդունած ուղենշային և հիմնարար փաստաթղթերում:
Ես իմ պարտքն եմ համարում զգուշացնել, որ այդ քաղաքական արկածախնդրությունը հղի է հայոց ինքնիշխան պետության կորուստով, քանի որ դառնալով այդ կազմակերպության անդամ՝
– Հայաստանի արտաքին քաղաքականության գործառույթների մի զգալի մաս անցնում է կազմակերպության նախաձեռնող երկրին՝ Ռուսաստանին,
– Հայաստանի օրնսդրությունը փոփոխվում է՝ հարմարեցնելով անդամ երկրների օրենսդրությանը,
– Հայաստանի տնտեսությունը ամբողջովին կախման մեջ է դրվում կազմակերպության ԵՏՄ նախաձեռնող երկրի՝ Ռուսաստանի տնտեսությունից,
– Հայաստանի Հանրապետությունը զրկվում է սեփական դրամական միավորից,
– Հայաստանի զինված ուժերը տարալուծվում են կազմակերպության առաջատար երկրի՝ Ռուսաստանի զիված ուժերի մեջ,
– Նսեմանում է Հայաստանի Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի դերը:
Հարգելի՛ գործընկերներ,
Այս իրավիճակում լռելը նշանակում է հրաժարվել մեր սկզբունքներից ու համոզմունքներից: Նշանակում է Հայաստանի ապագան հանձնել բախտի քմահաճույքին և արկածախնդրությանը:
Կոչ եմ անում ցուցաբերել անկախ պետության հիմնադիր հայրերին արժանի վարք՝ կրկին լինենք առաջին շարքում, նույն եռանդով պաշտպանենք հայ ժողովրդի ու Հայաստանի շահը:
Ժամանակն է ցույց տալ, որ մեր ստորագրությունները իրենց ուժը չեն կորցրել, որ երկիրը եղել է մերը՝ մեր ժողովրդինը ու հիմա էլ մերն է՝ մեր ժողովրդինը:
Արամ Մայիլյան
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր,
Անկախության հանրաքվեի պետական հանձնաժողովի անդամ