«Հայաստանը կարող է տարբեր շահեր ունենալ և փորձում է երկուսից սիմբիոզ ստանալ»

Հարցազրույց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ

– Պարոն դեսպան, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովին: Վավերացումից հետո այն ուժի մեջ կմտնի ու արդեն անշրջելի կոչված գործընթացն ավարտին կհասնի 2015 թ. հունվարի 1-ին` ՀՀ-ն կդառնա ԵՏՄ անդամ: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը:

– Հայաստանն ինքնիշխան պետություն է, ընտրում է այն, ինչն իր շահերից է բխում: Այստեղ չկա որևէ բան, որին կարելի է առարկել: Եթե երկիրը, տվյալ պարագայում՝ Հայաստանը, կատարում է ընտրություն և ասում է, որ այս ուղղությամբ է ցանկանում ապագայում ընթանալ, ոչ մի առարկություն դրան չունենք: Մենք նաև տեսնում ենք, որ այսօր էլ Հայաստանը Եվրոպական միության միջոցով ունի հետագա անելիք, ունի շահ: Եվ Հայաստանը, որ նախկինում էլ ջանք գործադրել է Եվրամիության հետ համաձայնության հանգելու համար, հիմա կրկին ջանք է գործադրում:

Նոյեմբերին Բրյուսելում մենք սկսել ենք բանակցությունները: Ես կարծում եմ, որ պետք է որ հնարավոր լինի: Երկիրը, հատկապես այսպիսի տարածաշրջանում, երկու ոտք ունի և երկու ոտքով պետք է քայլի: Հայաստանը կարող է տարբեր շահեր ունենալ և փորձում է երկուսից սիմբիոզ ստանալ: Մենք դա հասկանում ենք և շատ կուզենայինք օգտակար լինել այս երկրին:

– Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկումը հակասում է Վրաստանի դաշնակից Ադրբեջանի շահերին, իսկ Վրաստանի գործող իշխանությունները պարզապես սեպ են խրում Վրաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ աբխազական երկաթուղու վերաբացումը կնշանակի Ադրբեջանին ուղղակի շրջափակման ենթարկել: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ նախկինում Սահակաշվիլին հանդես էր գալիս որպես բաց սահմանների քաղաքականության ջատագով:

– Ես վրացական քաղաքականության վերաբերյալ չեմ մեկնաբանում, թեպետ հարևան երկիր են: Ընդամենը կարող եմ չեզոք ընկալման տեսանկյունից ասել, որ որքան ավելի բաց են սահմանները, երկաթուղիները, այնքան ավելի լավ: Ես չեմ կարող ասել, թե մեկի սահմանի բացումն ինչպես կարող է մյուսին շրջափակել: Կներեք, բայց չեմ միջամտի վրացական քաղաքականությանը: Սակայն, բնականաբար, որքան բաց լինեն ուղիները, այնքան ավելի լավ: Թե դա ի՞նչ է նշանակում Վրաստանի համար ներքին մակարդակով, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանելուց:
– ՀՀ-ի համար Աբխազական երկաթուղու բացումը կարևորվում է հատկապես ԵՏՄ անդամների հետ ընդհանուր սահման չունենալու հանգամանքից ելնելով:
– Այո, կարող է և այդպես է: Երկաթուղու վերագործարկումը կթեթևացնի տրանսպորտային հաղորդակցությունը, բեռների փոխադրումը: Ես միշտ կողմ եմ սահմանների բացմանը և միասին աշխատելուն, եթե դա հնարավոր է: Ես հասկանում եմ, որ Վրաստանն այդ առումով խնդիր ունի այս իրավիճակում, բայց ես դա չէի մեկնաբանի: Իմ լիազորություններից դուրս է:

– Ո՞րն է առավել գերադասելի՝ փորձել ե՞տ բերել կորցրածը, օրինակ՝ Վրաստանն այս պահի դրությամբ զրկվել է Աբխազիայից ու Օսեթիայից, Ուկրաինան՝ Ղրիմից, թե՞, այսպես ասած, համակերպվել նոր իրողությունների հետ և շարունակել ապրել:

– Չեմ մեկնաբանում:

Տեսանյութեր

Լրահոս