
«ԵՄ-ն և Միացյալ Նահանգները չեն խառնվելու Հայաստանի ներքին խոհանոցին»

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն արդեն ազդել են Հայաստանի վրա, իսկ Ռուսաստանի տնտեսական վիճակի հետագա վատթարացումը բացասական հետևանքներ կունենա նաև Եվրասիական միության մյուս անդամ պետությունների վրա: Այս կարծիքին է եվրոպացի փորձագետ, Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը: Պատասխանելով «168 Ժամի» հարցերին` նա անդրադարձավ նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:
– Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Եվրամիության (ԵՄ) հարաբերությունները ներկա փուլում և երկու կողմերի միջև վերջերս սկսված երկխոսությունը: Եվրամիությունը խոստացել է անհատույց կերպով Հայաստանին տրամադրել 140-170 միլիոն եվրո` մասնավոր սեկտորը, արդարադատության համակարգը և կառավարումը բարեփոխելու համար: Ո՞րն ԵՄ-ի այսպիսի քաղաքականության նպատակը, եթե նկատի ունենանք, որ Հայաստանն ընտրել է ինտեգրման միանգամայն այլ ուղղություն: Ի դեպ, ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել նոր` Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:
– Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները թևակոխել են նոր փուլ` հիմնված նոր իրողությունների վրա: Այն, ինչ կարող է Երևանը ստանալ ԵՄ-ի հետ համագործակցությունից, սահմանափակված է Ռուսաստանի գլխավորած Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությամբ, բայց այնտեղ դեռևս մնում է տարածություն ԵՄ-ի և նրա կարևորության համար` ներառյալ քաղաքացիական հասարակությանը և երկրի այլ դերակատարներին աջակցելը: Հայաստանը ցանկանում է ստանալ ԵՄ-ի ֆինանսական օգնությունը, ազատ մուտքի ռեժիմ և պահպանել ԵՄ-ի հետ Արտոնությունների հատուկ համակարգը (GSP+), որը Հայաստանին հնարավորություն է տալիս ավելի քան 6000 ապրանքատեսակ արտահանել ԵՄ-ի տարածք` առանց մաքսային վճարի, և օգնում գրավել եվրոպական բիզնեսն ու ներդրումները:
Նոյեմբերի սկզբին արված հայտարարությունն այն մասին, որ ԵՄ-ն խոստացել է 140-ից մինչև 170 միլիոն եվրո հատկացնել Հայաստանին՝ մասնավոր սեկտորը, արդարադատության համակարգը և կառավարումը բարեփոխելու համար, ցույց է տալիս, որ ԵՄ-ն հավատարիմ է մնում արդիականացմանն ու ժողովրդավարացմանն աջակցելու իր քաղաքականությանը: Այդուհանդերձ, ԵՄ-ի ֆինանսական օգնությունը ստանալու համար Հայաստանը պետք է ցույց տա, որ իսկապես պատրաստակամ է իրականացնելու բարեփոխումներ, և, որ այդ խոսքերը պարզապես չեն մնա թղթի վրա:
Իսկ դա շատ դժվար կլինի անել տվյալ պայմաններում, երբ տնտեսությունն օլիգարխների մենաշնորհն է: Բարեփոխումները չպետք է լինեն պարզապես մի նախարարության անունից, նրանք իսկապես պետք է իրականացվեն, հետևաբար` պետք է լինեն հստակ ուղենիշեր:
– Ձեր կարծիքով` ի՞նչ ապագա է սպասվում Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները և Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումն ի՞նչ հետևանքներ կունենան Հայաստանի համար, և որքանո՞վ կազդեն ԵՏՄ-ի կայացման վրա:
– Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն արդեն ազդել են Հայաստանի վրա. դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան նվազել են: Բացի այդ, պատժամիջոցները երկարաձգելը կամ խորացնելն ավելի ու ավելի բացասական ազդեցություն կունենան Ռուսաստանի տնտեսության վրա, կխոչընդոտեն տնտեսական աճը, ինչը բացասական հետևանքներ կարող է ունենալ նաև ԵՏՄ-ի մյուս անդամ պետությունների վրա: Բացի այդ, Ռուսաստանում բարեփոխումների բացակայությունը, աճի ցածր պոտենցիալը և ֆինանսական ռեսուրսների անբավարարությունը կարող է ազդել այլ երկրներին ներգրավելու Ռուսաստանի կարողության վրա: Եվ երկարաժամկետ հեռանկարում տնտեսական ծանր քաշայինների անդամակցումը ԵՏՄ-ին ճակատագրական կլինի այդ միության գոյատևման համար:
– Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին: Ոչ իշխանական ուժերի Եռյակը կարո՞ղ է իշխանափոխությանը հասնելու հարցում հույս դնել Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցության վրա:
– ԵՄ-ն և Միացյալ Նահանգները չեն խառնվելու Հայաստանի ներքին խոհանոցին` այս կամ այն քաղաքական ուժին աջակցելու իմաստով: Հայաստանի ներքին փոփոխությունը պետք է բխի հասարակության պահանջից, ոչ թե դրսից: Իսկ կառավարությունը պետք է առաջնորդվի «ներառող» (inclusive) կառավարման քաղաքականությամբ, որը հաշվի է առնում հասարակության բոլոր դերակատարների կարծիքը և աշխատում է արդիականացման և ժողովրդավարացման ուղղությամբ: Այսօր մենք չենք տեսնում այդ քաղաքականությունը: