Բաժիններ՝

Ուկրաինան հրաժարվում է ոչ բլոկային քաղաքականությունից. Պորոշենկո

Liga.net-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան հրաժարվում է ոչ բլոկային քաղաքականությունից, որը ցուցաբերել է իր ոչ արդյունավետությունը: Այս մասին երեկ Ուկրաինայի 8-րդ գումարման Գերագույն ռադայի առաջին նիստում հայտարարել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն.

«Այսօր անվիճելի է այն փաստը, որ 2010 թվականին հռչակված Ուկրաինայի ոչ բլոկային քաղաքականությունը չկարողացավ և չի էլ կարող երաշխավորել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը: Անհրաժեշտ է ձերբազատվել դրանից»:

Պորոշենկոն ընդգծել է, որ Ուկրաինայի ոչ բլոկային դիրքորոշումն հանգեցրել է մեծ կորուստների, ինչի հետ կապված՝ որոշում է ընդունվել վերադառնալ Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրման կուրսին: Պորոշենկոն հայտարարել է, որ անհրաժեշտ է խուսափել ՆԱՏՕ-ին անհապաղ անդամակցելու մասին քաղաքական շահարկումներից:

Պորոշենկոն կարծում է, որ առաջին հերթին պետք է հասնել այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ինչպես նաև անհրաժեշտ է հաշվի առնել դրա նկատմամբ Ուկրաինայի օտարերկրյա մի շարք գործընկերների զգուշավոր վերաբերմունքը. «Հայտարարություն արեցինք, և անմիջապես ստացանք պատասխան այն մասին, որ Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ»:

Պորոշենկոն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու հարցը որոշելու է Ուկրաինայի ժողովուրդը, սակայն դրա հետ մեկտեղ գործընթացը պետք է սկսել ոչ թե հնչեղ հայտարարություններով, այլ՝ իրական բարեփոխումներով:

Հիշեցնենք, որ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը այս շաբաթ հանդես է եկել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու դեմ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ հանրաքվեն Ուկրաինան չի մոտեցնի ՆԱՏՕ-ին, քանի որ ՆԱՏՕ-ն ինքն է կայացնում իրեն անդամակցելու մասին որոշում, և ոչ թե դա կախված է ուկրաինացի ընտրողներից:

Ամերիկացի հանրահայտ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին իր հերթին քանիցս դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը. «Մենք պետք է Ռուսաստանին համոզենք, որ Ուկրաինան չի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ: Ես կարծում եմ, որ դա կարևոր է քաղաքական մի շարք պատճառներով: Եթե դուք նայեք քարտեզին, ապա կհասկանաք, որ Ռուսաստանի համար դա շատ կարևոր է ռազմավարական ու հոգեբանական տեսանկյունից: Այդպիսով, Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս