Բաժիններ՝

Ուկրաինայի խորհրդարանում ստեղծվել է 6 խմբակցություն ու պատգամավորական 2 խումբ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել 8-րդ գումարման Գերագույն ռադայի առաջին նիստը, որի ժամանակ խորհրդարանի նախագահ է ընտրվել Վլադիմիր Գրոյսմանը: Նրա խոսքերով՝ խորհրդարանում ստեղծվել է 6 խմբակցություն ու պատգամավորական 2 խումբ:

Գրոյսմանը մանրամասնել է, որ «Ժողովրդական ճակատ» խմբակցության կազմում ներառվել է 83 պատգամավոր, այն գլխավորել է խորհրդարանի նախկին նախագահ Ալեքսանդր Տուրչինովը, «Սամոպոմիչ» խմբակցությունն ունի 32 պատգամավոր, այն գլխավորում է Օլեգ Բերեզյուկը:

«Ընդդիմադիր բլոկ» խմբակցության կազմում ընդգրկվել է 40 պատգամավոր, այն գլխավորել է Յուրի Բոյկոն, «Արմատական կուսակցության» խմբակցությունն ունի 22 պատգամավոր, նրա նախագահը Օլեգ Լյաշկոն է: «Բատկիվշչինա» խմբակցությունը, որն ունի 19 պատգամավոր, գլխավորել է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն:

Իսկ ահա «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խորհրդարանական խմբակցության կազմում ներառվել է 146 պատգամավոր: Գրոյսմանը հավելել է, որ «Տնտեսական զարգացում» խմբի մեջ մտել է 19 պատգամավոր, այն գլխավորում է Վիտալի Խոմուտինիկը, իսկ «Ժողովրդի կամք» խմբի մեջ՝ 19 պատգամավոր: Խմբի նախագահ է դարձել Իգոր Երեմեևը: 8-րդ գումարման Գերագույն ռադայի կազմում ընդգրկված է 423 պատգամավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս