
Կարծում եմ, որ «Միստրալների» գործով դատական ընթացակարգերը չեն լինի տևական. Լավրով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ մեկնաբանել է «Միստրալ» ռազմանավերի հանձնման շուրջ ստեղծված իրավիճակը.
«Չէի ցանկանա մեկնաբանել այդ հարցը, դա Ֆրանսիայի խնդիրն է, մենք խնդիր չունենք: Մենք պաշտպանված ենք պայմանագրով: Կարծում եմ, որ դատական ընթացակարգերը չեն լինի տևական, եթե հարցը չլուծվի այն պարտավորություններին համապատասխան, որոնց ստանձնել է Ֆրանսիան»:
Այն, որ Ֆրանսիան դեռ պատրաստ չէ Ռուսաստանին հանձնել «Միստրալ» տիպի առաջին ռազմանավը, հայտարարվեց նոյեմբերի 25-ին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ռազմանավը ռուսական կողմին չհանձնելը պայմանավորեց Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակով:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանին «Միստրալ» ռազմանավերի մատակարարման մասին պայմանագրի խզումը Ֆրանսիայի համար կարող է արժենալ 3 միլիարդ եվրո: