Ուղղաթիռի խոցման առթիվ իշխանության գործունեության հետ կապված առայժմ կան հարցեր, որոնց պատասխանները դեռ չեն հնչել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
«Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսն արդեն շատ երկար է շարունակվում ՝ հրադադարից հետո 20 տարի է անցել, այս ընթացքում բազմաթիվ միջադեպեր եղան: Խնդիրը հենց դա է, որ բանակցային գործընթացը իրական կյանքում տեղի ունեցող պրոցեսներից, կարծես, ազդեցություն չի կրում, և գոյություն ունի՝ անկախ օբյեկտիվ իրականությունից, և դեռ հարց է՝ գոյություն ունի՞, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի միջադեպը Լեռնային Ղարաբաղի հարցի բանկացային գործընթացի վրա, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով այսօր եկել էր Եռաբլուր՝ մասնակցելու խոցված ուղղաթիռի օդաչուների թաղման արարողությանը:
Պատգամավորը նկատեց, որ այդ ողբերգական դեպքից ոչ շատ ժամանակ առաջ Ս. Սարգսյանը և Ի. Ալիևը Փարիզում հանդիպեցին, նույնիսկ առանձնազրույց ունեցան, բայց, ըստ նրա՝ դա հետագա զարգացումների վրա դրական ազդեցություն չունեցավ:
Ն.Փաշինյանը դեպքի առթիվ միջազգային արձագանքը գնահատում է «գոլ»՝ ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում. «Շատ ցավալի և դատապարտելի է հատկապես՝ այն կեցվածքը, որ ցուցաբերեցին միջազգային հանրության ներկայացուցիչները՝ միջադեպից հետո տղաների դիակները դեպքի վայրում պահելու Ադրբեջանի ձգտման վերաբերյալ: Կարծում եմ՝ արձագանքը համարժեք չէր՝ ոչ մարդկային, ոչ իրավական, ոչ բարոյական տրամաբանության մեջ չէր մտնում: Ընդհանրապես, այս և այս կարգի միջադեպերից մեր դասը պետք է լինի այն, որ միշտ և բոլոր դեպքերում մեր հիմնական հույսը մենք պետք է դնենք մեր սեփական ուժերի և մեր սեփական կարողությունների, մեր պետականության վրա: Ուրեմն՝ մեր խնդիրը շարունակում է մնալ ամուր, հզոր ժողովրդին ապագայի շուրջ համախմբող պետություն ունենալ»:
Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ այդ միջազգային փաստաթղթերը ձևական բնույթ են կրում և հիմնականում ռազմական գործողությունների միջոցով են կարգավորվում այս կարգի միջադեպերը, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց.
«Ընդհանրապես, իրականությունն է ստեղծում դիվանագիտական փաստաթղթերի բովանդակությունը, և ոչ թե դիվանագիտական փաստաթղթերի բովանդակությունն է ստեղծում իրականությունը: Մենք դա պետք է հաշվի առնենք, ինչպես, օրինակ, Սևրի պայմանագիրը, որ ստորագրվել է, բայց մինչև հիմա մենք դրա մասին խոսում ենք որպես ժամանակին ստորագրված շատ կարևոր փաստաթուղթ:
Այսինքն՝ նախ պետք է արմատավորել իրականությունը, որը հետագայում տեղ կգտնի դիվանագիտական և միջազգային փաստաթղթերում»:
Մեր այն հարցին էլ, թե ՀՀ իշխանությունների գործողություններն ինչպե՞ս եք գնահատում այս միջադեպի հետ կապված, պատգամավորը պատասխանեց.
«Իշխանության գործունեության հետ կապված ուղղաթիռի խոցման առթիվ առայժմ կան հարցեր, որոնց պատասխանները դեռ չեն հնչել՝ ինչո՞ւ էր այդ ուղղաթիռն այդ ժամանակ թռիչք իրականացնում հատկապես այդ հատվածում, ինչքանո՞վ էր արդարացված դա, և ինչքանո՞վ կարելի էր համապատասխան պլանավորման ընթացքում կանխել այս միջադեպը, որ ադրբեջանցիները զուրկ լինեին այսպիսի գործողություն իրականացնելու հնարավորությունից: Սրանց պատասխանները մինչև օրս չեն հնչել, և ակնկալում եմ, որ հանրությունն այդ հարցերի վերաբերյալ կստանա ամբողջական պատասխան»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: