Բաժիններ՝

Հայերի հիմնած հյուրանոցի մարող փառքը (լուսանկարներ)

Օրերս «Ֆրանս-պրեսը» շրջանառության մեջ դրեց մի տեսանյութ, որում պատմում է Հալեպի ամենահին բարձրակարգ հյուրանոցի՝ «Բարոնի» մասին, որի հիմնադիրները հայ են: Սիրիայի նախկին ամենաշքեղ հյուրանոցներից մեկի փառքը մարել է երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի պատճառով: Տեսանյութում երևում է հյուրանոցի սեփականատերը՝ հողաթափերը ոտքերին, բրդյա գլխարկը գլխին քաշած, հուսահատ ձայնով խոսող Արմեն Մազլումյանը՝ Հալեպի անվանի հայերից մեկը, որի փառքի ու հարստության օրերն այլևս ետևում են:

Baron-Anush (5) Baron-Anush (2)

Baron-Anush (3)

Baron-Anush (4)

Կարդացեք նաև

«Բարոն» հյուրանոցն այլևս նախկինը չի լինի»,- հուսահատ ձայնով ասում է հայազգի գործարարը, որը հազարավոր սիրիահայ գործատերերի պես չի լքել երկիրը, որպեսզի տիրություն անի պապենական հարստությանը, պապի (որի անունն է կրում)` Արմեն Մազլումյանի հիմնած երբեմնի շքեղ հյուրանոցին, որը լուռ վկայությունն է Արևելքում հայերի ստեղծած պանդոկատնային ավանդույթների:

Baron-Anush (6)

Baron-Anush (15)

Մազլումյանները Հալեպում իրենց առաջին հյուրանոցը՝ «Արարատ» անունով, կառուցել են 19-րդ դարում, իսկ 1911-ին հիմնված «Բարոն» հյուրանոցը 101 տարի գործել է անխափան, հիմնադրի որդու՝ Գոգո Մազլումյանի ջանքերով, դառնալով ոչ միայն Սիրիայի, այլ նաև՝ Միջին Արևելքի անվանի հյուրանոցներից մեկը: Քաղաքացիական պատերազմի պատճառով երկու մասի բաժանված Հալեպում գտնվող հյուրանոցը հայտնվել է կառավարական ուժերի և գրոհայինների բաժանման գծի կենտրոնում՝ վտանգի գոտում: «Արմենն ամբողջ ամառ քնեց հյուրանոցի պատշգամբներից մեկում, ասելով՝ ինչ ուզում է թող լինի», – 168.amին» Հալեպից փոխանցեց նրա անձնական բժիշկը` Սիրիայում հայտնի հայազգի սրտաբան Գրիգոր Դարակջյանը:

Baron-Anush (16)

Baron-Anush (14)

Baron-Anush (13)

Նա այն հազվադեպ մարդկանցից է, ով հաճախ է այցելում հյուրանոցում իր քչաթիվ աշխատողների հետ մնացած Արմեն Մազլումյանին: Հալեպը կանգնած է դեղորայքի սղության առջև: Հիվանդություններ ունեցող Մազլումյանը նույնպես դիմագրավում է այդ դժվարությունները: «Բայց կամքի մեծ ուժ ունի, հիշողությունը տեղն է»,- 63-ամյա Մազլումյանի մասին ասում է բժիշկ Դարակջյանը, ով պատերազմից հետո Հայաստանում որոշ ժամանակ ապրելուց հետո կրկին վերադարձավ Հալեպ, քանի որ այնտեղ մնացած հազարավոր հիվանդներ սպասում էին իրենց բժշկին:
Ժամանակին զբոսաշրջիկներին տրամադրվող գրքույկների մեջ «Բարոն» հյուրանոցը հիշատակվում էր՝ իբրև մի վայր, որտեղ իջևանել են երկրի ղեկավարներ, նշանավոր քաղաքական գործիչներ, գրողներ: Այստեղ է իր նշանավոր «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վեպի մի հատվածը գրել Ագաթա Քրիստին, ով հաճախ էր ամուսնու՝ անգլիացի հնագետ Մաքս Մալլոուենի հետ այցելում Հալեպ:

Baron-Anush (12)

Baron-Anush (11)

Baron-Anush (10)

Baron-Anush (9)

«Բարոն» հյուրանոցի անունն առնչվում է նաև Շառլ դը Գոլի անվան հետ՝ այստեղ իջևանել է Ֆրանսիայի նախկին նախագահը: Հյուրանոցն իր դռներն է բացել նաև Քեմալ Աթաթուրքի, Եգիպտոսի նախկին նախագահ Գամալ Աբդել Նասերի, Իրաքի ու Սիրիայի Ֆայսալ առաջին թագավորի, մեծահարուստ Դեյվիդ Ռոքֆելերի, ամերիկացի պատմաբան ու քաղաքական գործիչ Թեոդոր Ռուզվելտի, Յուրի Գագարինի, Սիրիայի նախագահների, այլ նշանավոր մարդկանց առջև:

Նրանց իջևանած համարները յուրահատուկ տեսարժան վայրեր էին տասնամյակներ շարունակ Հալեպի հյուրանոցների մեջ հենց «Բարոնը» նախընտրող զբոսաշրջիկների համար, բայց վերջին երեք տարիների ընթացքում, ինչպես հայտնեց Գրիգոր Դարակջյանը, հյուրանոցը ոչ մի օտարերկրյա զբոսաշրջիկ չի ունեցել: «Այստեղ երբեմն հատուկենտ մոլորված հյուրեր են հայտնվում, ինչը ոչ մի կերպ չի փակում հսկայական հյուրանոցը պահելու ծախսը, չհաշված, որ պատերազմի ընթացքում այստեղ ընկած մի քանի հրթիռներից հյուրանոցը նորոգության կարիք ունի»,- ասում է հյուրանոցի տիրոջ անձնական բժիշկը: Հերքելով «Ֆրանս-պրեսի» այն տեղեկությունը, որ հյուրանոցը լցված է գաղթականներով, Գրիգոր Դարակջյանն ասում է, որ Արմեն Մազլումյանն ընդամենը մի քանի սենյակ է տրամադրել իրեն շատ մտերիմ սիրիացի մի քանի ընտանիքի, որոնք կորցրել են իրենց տները:

Baron-Anush (8)

Baron-Anush (7)

Հյուրանոցի երկրորդ հարկում դեռևս գտնվում են ամենաշքեղ սենյակները, որոնք զարդարված են 20-րդ դարի սկզբին Արմեն Մազլումյան ավագի կողմից ձեռք բերված թանկարժեք ձեռագործ գորգերով, ինչպես նաև այն հուշանվերներով, որոնք հատկանշում են նշանավոր մարդկանց այցերը հյուրանոց:
Հյուրանոցի անունով Հալեպի կենտրոնական փողոցներից մեկը կոչվել է Բարոն, որը քաղաքի նախկին աշխույժ փողոցներից մեկն էր. փողոցում այսօր աշխուժության ոչ մի հետք չկա, հյուրանոցի հարևանությամբ գտնվող Հալեպի Ազգային թանգարանը նույնպես այցելուներ չունի: Պատերազմի ծանր հարվածներն այսօր կրում են ամբողջ Հալեպն ու Սիրիան:

Հալեպում մնացած մյուս հայերի պես (որոնք իրենք ընտանիքները հանել են երկրից)՝ Արմեն Մազլումյանը նույնպես մենակ է: Նա ամուսնացած չէ, հետևաբար՝ ժառանգներ չունի, հայրը վաղուց է մահացել, իսկ մայրը՝ տիկին Սալլին, 1945 թվականին Լոնդոնից փախել էր ապահով Հալեպ՝ վախեցած Երկրորդ համաշխարհային պատերազմի պայթող ռումբերից, և մահացավ մոտ մեկ տարի առաջ՝ ծերության վերջին օրերն ապրելով մեկ այլ պատերազմի սարսափներ: «Բարոն» հյուրանոցն այսօրվա տխուր դրությամբ արտացոլում է Սիրիայի, ինչպես նաև երբեմնի հայկական փայլուն գաղութի անմխիթար վիճակը: Հայերը փախչում են պատերազմող Սիրիայից. այն հայերը, որոնց պապերը ժամանակին Հայոց ցեղասպանությունից հանգրվանել են Սիրիայում. 1915 թվականին նաև «Բարոն» հյուրանոցն է հանգրվան եղել հայերի համար. Ցեղասպանությունից շատ ավելի վաղ այստեղ հաստատված Մազլումյան ընտանիքը Եղեռնից հետո իր նորակառույց հյուրանոցի դռներն է բացել հազարավոր գաղթական հայերի առջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս