Վարդան Այվազյանը հիմնավորեց, թե ինչու իրենք դավաճան չեն

Այսօր խորհրդարանում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն իր ամփոփիչ ելույթում փորձեց ներկայացնել, թե ինչու «դավաճան չեն»:

«Քանի որ ամեն մեկը խոսում է, թե իրեն ով է վարձատրում, ասեմ, որ ինձ վարձատրում է ՀՀ քաղաքացին»,- հավաստեց Այվազյանն ու հայտարարեց, թե ԵՏՄ-ն միանշանակ տնտեսական միություն է:

ՀՀ ինքնիշխանության կորստի վերաբերյալ Վ.Այվազյանը նշեց, թե ՌԴ-ն ու Ղազախստանը մեկ շնչին ընկող ՀՆԱ հաշվով 15 հազար դոլարից ավելի ցուցանիշ ունեն, Բելառուսը՝ 7-8 հազար դոլար, ու չեն վախենում իրենց անկախութունը կորցնել, և հանկարծ Հայաստանում են վախենում: Ըստ նրա՝ ՀՀ պատրաստի արտադրանքի 82%-ն ընդունում է ԵՏՄ-ն, որից 80%-ը՝ ՌԴ-ն: Նա կոչ արեց «մեծ-մեծ խոսալու փոխարեն» հարգել հարևան ՌԴ-ին:

«Հիմա մենք՝ դավաճաններս ենք մտածո՞ւմ, թե՞ մտածողները: Անվտանգության կարևորագույն հարցն էլ թողել եք»,- ասաց Վ.Այվազյանը:

Ըստ Այվազյանի՝ ՀՀ-ի բյուջե մաքսային մուտքրը կազմում են 110 մլն դոլար, հաջորդ տարի առավելագույնը «տաշի տուշիով» կկազմի 120 մլն դոլար, մինչդեռ անցած տարի ՄՄ-ն բաշխել է 26 մլրդ դոլար: Նա նշեց, որ ՀՀ-ի մասնաբաժինը կկազմի 300 մլն դոլար. «Էդ հեչ, սա էլ դավաճանության մյուս կոմպոնենտը»:

«Շատ լուրջ խնդիրներ ունենք այնտեղ աշխատելու»,- ասաց Վ.Այվազյանն ու կոչ արեց ավելի բան ասել չունենալու դեպքում գոնե լռել:

Տեսանյութեր

Լրահոս