Կունիո Միկուրիան և Գագիկ Խաչատրյանը քննարկել են գործակցության հեռանկարները

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրավերով նոյեմբերի 19-21-ը պաշտոնական այցով Հայաստանում է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան: Հաշվի առնելով վերջին տարիներին մաքսային համակարգում արձանագրված առաջընթացն, ինչպես նաև ակտիվ մասնակցությունը Համաշխարհային մաքսային կազմակերպության ծրագրերին, սերտացող և արդյունավետ համագործակցությունը` ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան երկրորդ անգամ է այցելում մեր երկիր` ծանոթանալու նախորդ այցին հաջորդած բարեփոխումներին: Մաքսային համագործակցության հեռանկարները քննարկելու և վերջին 5 տարիներին համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքներն ամփոփելու նպատակով ՀՄԿ գլխավոր քարտուղարն առանձնազրույց է ունեցել ֆինանսների նախարարի, այնուհետև հանդիպում` մաքսային ծառայության ղեկավար անձնակազմի հետ: ՀՄԿ գլխավոր քարտուղարին ներկայացվել է վերջին տարիների մաքսային ծառայության բարեփոխումների ընթացքը: Այցի շրջանակում Կունիո Միկուրիան մասնակցել է նաև ՀՄԿ-ի կողմից իրականացվող «Կոլումբոս» ծրագրի 3-րդ` գնահատման փուլի փակման արարողությանը: Լրագրողների հետ հանդիպմանը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՄԿ փորձագետները դրական են գնահատել արդյունքները. «ՀՄԿ անդամ 179 երկրներից 100-ում իրականացվում է «Կոլումբոս» ծրագիրը: Մեր երկիրն առաջիններից էր դարձել ծրագրի շահառու և մեկն այն 6 երկրներից, որտեղ ծրագրի երեք փուլերն էլ իրականացվել են: Հայաստանը 6-րդ պետությունն է, որտեղ ՀՄԿ փորձագետները կատարել են վերջնական` գնահատման փուլի աշխատանքերը, ինչը նշանակում է` բարեփոխումներին ուղղված գործողությունների ծրագիրն իրականացվել է հաջողությամբ»: Մաքսային ծառայության աշխատանքը բարձր գնահատականի է արժանացել նաև ՀՄԿ գլխավոր քարտուղարի կողմից. «Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի մաքսային համակարգում մի քանի ուղղություններով է առաջընթաց արձանագրվել:

Զգալիորեն փոփոխվել է օրենսդրական դաշտը` համապատասխանեցվելով միջազգային չափանիշներին: Իսկ Մաքսային ընթացակարգերի պարզեցման կոնվենցիային անդամակցմամբ` Հայաստանը միջազգային հանրությանը տպավորիչ ուղերձ է հղել իր մտադրությունների մասին»:

ՀՄԿ փորձագետների գնահատմամբ 2009-14թթ. գործողությունների ռազմավարական ծրագրերը և ճանապարհային քարտեզն ամբողջական էին և ընդգրկուն, TWM ծրագրի և էլեկտրոնային հայտարարագրի ներդրման համակարգում ամբողջությամբ ներառված են ռիսկերի կառավարման համար անհարժեշտ գործիքները, հետևողականորեն իրականացվում են «մեկ պատուհան» սկբունքի կիրառման, լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրմանն ուղղված աշխատանքերը:

Մատնանշվել են նաև այն հիմնական ուղենիշերը, որոնցով պետք է առաջնորդվի ծառայությունն առաջիկա տարիներին: ՀՄԿ գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը. «Հաշվի առնելով մինչ օրս արձնագրված առջընթացն` օրենսդրասկան կարգավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և կադրային ներուժի բարելավման գործում, վստահ եմ` Հայաստանում հետայսու ևս առաջընթաց կարձանագրվի բոլոր ուղղություններով: Մենք մտադիր ենք շարունակել աջակցությունը և համագործակցությունը»:

Անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը` Կունիո Միկուրիան ընդգծել է, որ այն գործակցության նոր հարթակ է ստեղծում, քանի որ ՄՄ-ն և ԵՏՄ-ն նույնպես առաջնորդվում են Կիոտոյի կոնվենցիայով, այսինքն` ՀՄԿ սկզբունքերով: Արաբկիրի սպասարկման կենտրոնում ՀՄԿ գլխավոր քարտուղարը ծանոթացել է նորամուծություններին և հետևել աշխատանքային գործընթացներին, մասնավորապես նորարարական տեխնոլոգիաների միջոցով հարկային և մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման հնարավորություններին: Պաշտոնական այցի շրջանակում բարձրաստիճան հյուրն այցելել է նաև Դիլիջանի ուսումնական կենտրոն, ծանոթացել ուսումնական գործընթացների հեռանկարին: Նա նշել է. «Գերարդիական կենտրոնի գործարկումն աննախադեպ կլինի ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում. քայլեր են ձեռնարկվում կենտրոնին միջազգային կարգավիճակ շնորհելու ուղղությամբ»: Այցի ընթացքում ՀՄԿ-ի և կենտրոնի միջև ակտիվ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել: ՀՄԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի հետ, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս