Գ. Եղիազարյանը նախագահի պաշտոնում տեսնում է և՛ Հ. Աբրահամյանին, և՛ Գ. Ծառուկյանին, և՛ իրեն. ցանկացածին, ով հանգիստ «նանիկ» չի անում գիշերը

«Ցանկացած մարդ, ով դեմ է Սերժ Սարգսյանին, ես վերաբերվում եմ հոգով-սրտով»,-168.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում ԲՀԿ-ին ընդդիմության լիդեր դարձնելու ՀԱԿ-ի քաղաքականությանը, այսպես պատասխանեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Մեր հարցին՝ արդարացի՞ է ընդդիմությունը՝ չընդունելով իշխանությունների՝ 12 պահանջների շուրջ բանակցելու առաջարկը, Գ. Եղիազարյանը հեգնանքով պատասխանեց. «Բա տեսնո՞ւմ եք՝ ինչ իշխանություն ունենք ու ինչ սարսափելի ընդդիմություն: Հիմա, մարդը էս քանի ամիսը մոռացել է, հիմա հիշել է, դրեք քննարկեք, ինչ եք…»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ ճի՞շտ են անում, որ մերժում են, Գ. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, ճիշտ են անում, ի՞նչ քննարկեն, երբ պարզ գրված է թղթի վրա, ի՞նչ քննարկեն»:

Գ. Եղիազարյանը շարունակեց խոսքը՝ հեգնելով. «Ուղղակի վատ բան է անում ընդդիմությունը, ասում է՝ Սերժ Սարգսյան կտրի այն ճյուղը, ինչի վրա մի ոտքով նստած ես, որովեհտև եթե այդ 12 կետերից մի կետը կատարվի, և ընտրացուցակները տպեն՝ թե ով է եկել մասնակցել, այստեղ ՀՀ քաղաքացին կարող է լրջագույն խնդիրների առաջ կանգնի: Այս ընչազուրկ քաղաքացին մի կերպ պրծել է, երբ տեսել է՝ 58 հազար դիակ եկել է ստորագրել ու թոշակ են ստացել: Հիմա, պատկերացնո՞ւմ եք՝ հանկարծ այդ 12 կետերից մի կետը ընդունվի, ո՞նց պետք է այս մարդիկ վերընտրվեն: Հիմա մարդիկ ուզում են վերընտրվեն, դուք ասում եք՝ ցուցակ տպեք: Ես համաձայն չեմ, որ այդ կետը լինի: Նենց պետք է լինի, որ մեր դիակները գան, հանգիստ ընտրեն ու գնան, ես դրա կողմնակիցն եմ»:

Լրագրողներից մեկի հարցին՝ ո՞ւմ եք նախագահի պաշտոնում տեսնում, գուցե հենց Հովիկ Աբրահամյանի՞ն, Գ.Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ ոչ, բացի նրանից՝ տեսնում եմ ցանկացած մարդու, ով մտածում է իր ժողովրդի մասին»: Հարցին՝ անգամ Գ.Ծառուկյանի՞ն, նա պատասխանեց՝ «Ինչու՝ ոչ: Ցանկացած մեկին, ով երբ գիշերը գլուխը դնում է բարձին, աչքի առաջ կանգնում են 82 հազար սոված մարդիկ: Այդ մարդուն էլ տեսնում եմ ՀՀ նախագահ»: «Այդ թվում նաև ձե՞զ»՝ հետաքրքրվեց լրագրողը. «Ինձ էլ, ձեզ էլ, ցանկացածին, ով հանգիստ նանիկ չի անում գիշերը»,- պատասխանեց նա:

Տեսանյութեր

Լրահոս