Բաժիններ՝

«Նաիրիտի» աշխատակիցների պարտքը վճարելու մասին ոչ մի դեռևս նորություն չկա

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների արդեն մոտ 2 տարվա կուտակված պարտքը վճարելու մասին ոչ մի նորություն չկա: Նորություն չկա նաև էներգետիկայի նախարարության խոստացած վերագործարկման մասին առաջարկությունների փաթեթից: Գործարանի մամուլի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց տարածված լուրերը, թե գործարանի ներկայիս ղեկավար Ռուբեն Սաղաթելյանը նախարարի անունից խոստացել է աշխատավարձի պարտքը մարել մինչև այս տարվա նոյեմբերի 20-ը:

«Առայժմ ոչինչ չկա: Մեզ խոստացել են մինչև տարվա վերջ, այս պահին նորություն չկա»,- ասաց Ա.Հարությունյանը:

Նա շեշտեց, որ Սաղաթելյանն իրեն չի հանձնարարել պաշտոնապես հայտարարել, որ գումարը կլինի մինչև նոյեբերի 20-ը, իսկ թե ում ինչ է ասել, Հարությունյանի խոսքով, ինքը տեղյակ չէ:

Դիտարկմանը, որ գումարը բավականին մեծ է, Ա.Հարությունյանը պատասխանեց, թե կամ վարկ վերցնեն, կամ էլ՝ չգիտի ինչպես. աղբյուրը նույնպես հայտնի չէ:

Կարդացեք նաև

Աշխատողների շրջանում առկա անհանգստությունն ու անվստահությունը Հարությունյանը բնական համարեց. «Անհանգստություն, բնականաբար, կա, 5 տարի անընդմեջ մարդկանց ասել են, որ կվճարեն, կաշխատի գործարանը, բայց մինչև էսօր կանգնած է: Բնականաբար, անվստահություն կա: Բայց մինչև այսօր՝ խոստում, որ ամբողջը կվճարեն, չի եղել: Կոնկրետ ես հիմք չունեմ չհավատալու: Երբ չեն վճարի, կսկսենք չհավատալ»:

Նշենք, որ գործարանի աշխատակիցները բավականին անհանգիստ են և ուղիներ են մտորում, թե ինչ կերպ կարող են ազդել ղեկավարության ու կառավարության վրա, որպեսզի վերջապես ստանան իրենց հարցերի պատասխանները: Քննարկվում է հերթական բողոքի ակցիան կազմակերպելու հարցը, գուցե դա տեղի ունենա հենց նոյեմբերի 21-ին՝ գործարանի առջև:

Մեր տեղեկություններով՝ Ռ.Սաղաթելյանը հրավիրել է ըմբոստ աշխատակիցներին և հորդորել դեռ ոչինչ չձեռնակել՝ մինչև ինքն առաջիկա երկուշաբթի օը հանդիպի նախարար Երվանդ Զախարյանին ու քննարկի հարցը, ինչից հետո արդեն նաիրիտցիները կորոշեն անելիքը: Նկատենք, որ այս ձգձգման պրակտիկան նոր չէ և նաիրիտցիներին լավ ծանոթ է:

Հավելենք նաև, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հերքել է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը մարելու համար կառավարության միջնորդությամբ վարկի տրամադրման մասին լուրերը: Իսկ առանց դրա պարզապես անհնար է պատկերացնել, թե որտեղից են գտնվելու ֆինանսական միջոցները՝ ավելի քան 100 մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս