Դավութօղլուն վաղը կմեկնի Իրաք
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Իրաքի վարչապետ Հայդար ալ-Իբադիի հրավերով նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով գտնվելու է Իրաքում: Դավութօղլուն հանդիպումներ է ունենալու Իրաքի նոր կառավարության ներկայացուցիչների հետ և քննարկելու է երկկողմանի հարաբերությունների հարցը:
Քննարկման հիմնական առարկա են հանդիսանալու էներգետիկան ու էներգետիկ անվտանգությունը: Բացի այդ, քննարկվելու է «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ պայքարի հարցը: Դավութօղլուն պլանավորել է Իրաքում հանդիպումներ ունենալ նաև այդ երկրի նախագահ Ֆուադ Մասումի ու խորհրդարանի նախագահ Սալիմ ալ-Ջեբուրիի հետ:
Դավութօղլուն նաև հանդիպելու է թուրքմեն պատգամավորների հետ, այցելելու է Էրբիլ ու հանդիպելու է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի ու պաշտոնատար այլ անձանց հետ: Թուրքիայի վարչապետը (Էրդողան) վերջին անգամ Իրաք է մեկնել 2011 թվականի մարտի 28-29-ին, իսկ Իրաքի վարչապետը (Նուրի ալ-Մալիքի) վերջին անգամ Թուրքիա է ժամանել 2010 թվականի հոկտեմբերի 21-ին: