Իսպանացի օրենսդիրները կառավարությանը կոչ են արել Պաղեստինը ճանաչել որպես պետություն
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը երեկ դիմել է երկրի կառավարությանը՝ կոչ անելով Պաղեստինը ճանաչել որպես պետություն:
Ընդ որում, իսպանացի օրենսդիրներն ընդգծել են, որ այդ քայլին անհրաժեշտ է գնալ այն ժամանակ, երբ պաղեստինցիներն ու Իսրայելը պայմանավորվել են լուծել իրենց վաղեմի հակամարտությունը: Խորհրդանշական բնույթ ունեցող այդ որոշմանն աջակցել են խորհրդարանի ստորին պալատի քաղաքական բոլոր խմբերը:
Նախորդ ամիս համանման խորհրդանշական բանաձևեր ընդունել են Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի օրենսդիրները: Մոտ ժամանակներս այդ հարցով բանաձև է պատրաստվում ընդունել Ֆրանսիան: Հոկտեմբերի 30-ին Պաղեստինը՝ որպես պետություն, ճանաչել էր Շվեդիան՝ դառնալով այդ քայլին գնացած ԵՄ-ի առաջին երկիրը: