«Հաջող, ապեր, գնա». մանկության ընկերոջը դանակահարելուց հետո ամբաստանյալը համբուրել է նրա այտը
Առաջին ատյանի դատարանի վճռով՝ Վանաձորի բնակիչը մեղավոր է ճանաչվել սպանության մեջ և դատապարտվել 13 տարվա ազատազրկման:
Նախաքննություն ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կնոջից տեղեկանալով իր մանկության ընկերոջ կողմից նրան շուրջ հինգ տարի առաջ իր հետ սեռական հարաբերություն ունենալու առաջարկ կատարելու մասին, վերջինիցս վրեժխնդիր լինելու շարժառիթով՝ ընկերոջը պատկանող ավտոմեքենայի վարորդի նստատեղում, ընթացքի ժամանակ, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախապես իր մոտ գտնվող դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակի աջ շրջանին, ապա՝ ինն անգամ ձախ ոտքին, ու սպանել նրան, որից հետո ավտոմեքենան ճանապարհից դուրս է եկել, կողաշրջվել, իսկ ինքը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ ամբաստանյալը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ, հայտնել, որ պնդում է նախաքննության ընթացքում իր կողմից որպես մեղադրյալ պաշտպանի ներկայությամբ լրացուցիչ ցուցմունքը և խնդրում, որպեսզի դատարանը հիմք ընդունի միայն այդ ցուցմունքը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ տված լրացուցիչ ցուցմունքում ամբաստանյալը հայտնել է, որ ինքը դեպքի օրը, երբ ընկերոջ ավտոմեքենայում եղել են երկուսով, նրան ասել է, որ՝ քո արարքը սրբապղծություն է, քանի որ լինելով ընկերներ՝ նա իր կնոջն առաջարկություն է արել: Ընկերը զարմացել է, ապա ապշած՝ զենքը պահել է իր վրա, որը մինչ այդ էլ իրեն ցույց էր տալիս: Քանի որ նա իր վրա զենք է պահել, ինքը գրպանից հանել է դանակը և դրանով հարվածել նրան, որից հետո դուրս է եկել ավտոմեքենայից շշմած, թուլացած վիճակով և դանակը ձեռքին հեռացել, իսկ որոշ ժամանակ անց դանակը շպրտել է: Նա հայտնել է նաև, որ նախկինում իր տված ցուցմունքները ճիշտ չեն, մասնավորապես՝ այն, որ դանակը և ձեռնոցներն առել է ընկերոջը սպանելու համար:
Ըստ դատարանի վճռի՝ նախաքննության ժամանակ ամբաստանյալը հայտնել է, որ ինքը չոբան մարդ է, և իր մոտ միշտ դանակ է եղել, իսկ ձեռնոցներն իր ամենօրյա օգտագործման ձեռնոցներն են: Ինքը կնոջից իմանալով ընկերոջ կողմից նրան սեռական հարաբերության առաջարկի մասին, ընկերոջն առաջարկել է հանդիպել և խոսել՝ չասելով՝ ինչ թեմայով, սակայն նա միշտ խուսափել է: Ինքն ուզում էր հանդիպել և թքել նրա երեսին կամ ծեծել, սակայն նրան սպանելու մտադրություն չի ունեցել:
Դատարանը նշել է, որ որպես կասկածյալ և որպես մեղադրյալ հարցաքննությունների ժամանակ ամբաստանյալը խոստովանական ցուցմունքներ է տվել այն մասին, որ սպանվածի հետ եղել են մանկության ընկերներ և ընտանիքներով գտնվել մտերիմ հարաբերությունների մեջ: Մոտ հինգ տարի առաջ վերադառնալով իրենց տուն՝ տեսել է, որ ընկերն իրենց տանն է: Զգացել է, որ իր կինը շփոթված ու վախեցած է: Իր հարցին, թե ինչու է շփոթված, կինը պատասխանել է, որ ոչինչ չի եղել, իսկ ընկերը ոչինչ չի խոսել: Դրանից հետո պարբերաբար կնոջը հարցրել է և փորձել պարզել այդ օրվա նրա տարօրինակ պահվածքի պատճառը, սակայն ամեն անգամ նա հավատացրել է, թե ոչինչ չէր եղել: Այդ դեպքից հետո զգացել է նաև, որ ընկերը խուսափում է իրենից, որի պատճառով առաջվա նման հաճախակի չեն հանդիպել:
Ըստ դատարանի վճռի՝ նախաքննության ընթացքում խոստովանական ցուցմունք տալիս ամբաստանյալը հայտնել է, որ ինքը կնջը հավատացրել է, թե իբր գիտի այն օրվա իր շփոթության պատճառը, և նրան ստիպել է պատմել իրականությունը: Վերջինս խոստովանել է, որ այդ օրն ընկերն իրեն սեռական հարաբերության առաջարկ է արել, սակայն ինքը մերժել է: Լսելով այդ մասին, զայրացել է և ապտակել կնոջը, իսկ իր մանկության ընկերոջ սրբապիղծ ու դավաճան քայլի համար որոշել է պատժել և սպանել նրան: Իր մտադրությունն իրագործելու համար շուկայից գնել է դանակ և ձեռնոցներ, ապա առավոտյան իր բնակարանում օգտագործելով ալկոհոլ՝ վերցրել է իր կողմից նախապես ձեռք բերված դանակն ու ձեռնոցները և գնացել ընկերոջ դեղատուն և հանդիպել նրան: Վերջինս հայտնել է, որ բանկերում գործեր ունի, պետք է դուրս գան, և միասին նրա ավտոմեքենայով գնացել է քաղաքի կենտրոն: Գործերն ավարտելուց հետո ինքն ու ընկերը վերադարձել են ընկերոջ թոնրատուն: Այդտեղ ընկերոջը խաբելով՝ ասել է, որ իբր գործով մարդ պետք է տեսնի, և նրան խնդրել է ավտոմեքենայով իրեն տանել գյուղերից մեկը: Ընկերը չի մերժել, և նրանք շարժվել են դեպի գյուղ:
Ըստ դատարանի վճռի՝ ամբաստանյալն ինքնախոստովանական ցուցմունք տալիս՝ ասել է, որ ավտոմեքենան վարել է ընկերը, իսկ ինքը նստել է առջևի աջ նստատեղին:
Ինքը գրպանից հանել է դանակը և ավտոմեքենայի ընթացքի ժամանակ ընկերոջն ասել. «կնոջս սեռական հարաբերության առաջարկ ես արել, այ …», և աջ ձեռքում բռնած դանակով մեկ անգամ հարվածել է նրա կրծքին: Ընկերը՝ շրջվելով դեպի իրեն և բռնելով ձեռքը, խնդրել է, որ չսպանի, ասել է նաև, որ իր կնոջը սեռական հարաբերության առաջարկ երբևէ չի արել: Այդ ընթացքում դանակի շեղբից պատահաբար վնասվել է իր աջ ձեռքի ցուցամատը: Անտեսելով ընկերոջ խնդրանքը՝ նրան ասել է, որ պետք է սպանի, և դանակով մի քանի անգամ հարվածել է նաև նրա ձախ ոտքին, որի ընթացքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և ընկել ներքև: Այնուհետև համբուրել է նրա այտը՝ ասելով. «հաջող, ապեր, գնա» ապա դուրս է եկել ավտոմեքենայից, դանակն ու ձեռնոցները դեն է նետել, որից հետո իր բջջային հեռախոսով զանգել է գյուղապետին, նրան խնդրել, որ իրեն քաղաքից տեղափոխի, սակայն վերջինս՝ պատճառաբանելով, որ զբաղված է, մերժել է իր խնդրանքը: Զանգել է նաև իր կնոջը և ասել, որ «իր անելուն արել է»: Ինքը մինչ այդ ընկերոջն ընդունել է՝ որպես հարազատ եղբայր, և նրան սպանելու որոշումը կայացրել է դժվարությամբ: Մինչև նրան սպանելը մտածել է պատժել՝ ծեծելու կամ շրջապատում նվաստացնելու միջոցով, սակայն գտել է, որ սրբապիղծ մարդն ապրելու իրավունք չունի: Կատարած արարքի համար չի զղջում:
Դատարանը գնահատել է, որ ամբաստանյալի պատճառաբանությունները, թե ինքն ընկերոջը կանխամտածված ձևով չի սպանել և նրան դանակով հարվածել է նրա կողմից իր վրա պահած զենքից պաշտպանվելու նպատակով, «անհիմն են, նպատակ են հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից ու պատժից»: Դատարանն արժանահավատ է համարել ամբաստանյալի՝ որպես կասկածյալ և որպես մեղադրյալ տված առաջին ցուցմունքը, «քանի որ դրանք համապատասխանում են գործի փաստական տվյալներին և տրամաբանորեն փոխկապված են դատարանի կողմից հավաստի ճանաչված մյուս ապացույցների հետ»:
Դատարանն ամբաստանյալի մեղքն ապացուցված է համարել նաև տուժողի իրավահաջորդ ճանաչված նրա կնոջ նախաքննական և դատարանում տված ցուցմունքներով, որ իր ամուսինը և ամբաստանյալը եղել են ինչպես՝ մանկության, այնպես էլ՝ հասուն տարքի մտերիմ ընկերներ, և ընտանիքներով միշտ շփվել են: Կինը համոզմունք է հայտնել, որ իր ամուսինը նրա ընկերոջ կնոջը երբևէ առաջարկություն չի արել, այլ կինն էր ցանկանում նրա հետ սեռական կապի մեջ մտնել, ինչին չհասնելով՝ ամուսնուն դրդել է սպանել ընկերոջը: Կինը նաև համոզմունք է հայտնել, որ ամուսնուն սպանել են նաև նախանձից դրդված, քանի որ ընկերը վերջին տարիներին բիզնեսով հասել էր բավականին հաջողությունների:
Ամբաստանյալի կինը դատարանում ցուցմունք է տվել, որ սպանվածը եղել է իր ամուսնու մտերիմ ընկերը, և իրենք շփվել են նաև ընտանիքներով: Իր կրտսեր դստեր ծննդյան օրը երեկոյան, երբ երեխաներն արդեն քնած են եղել, իրենց տուն է գնացել ամուսնու ընկերը՝ ասելով, որ գնացել է երեխայի ծննդյան օրը շնորհավորելու: Տեսնելով, որ ամուսինը տանը չէ՝ ընկերն իրեն սեռական հարաբերության առաջարկ է արել, սակայն ինքը մերժել է և նրան ամոթանք տվել: Որոշ ժամանակ անց տուն է վերադարձել ամուսինը և նկատելով իր շփոթված վիճակը՝ հարցրել է, թե ինչ է պատահել: Ինքը պատասխանել է, որ ոչինչ չի եղել, իսկ ամուսնու ընկերը ոչինչ չի խոսել: Ավելի ուշ ամուսինն իրեն խաբելով՝ ասել է, թե իբր ինքն ամեն ինչ գիտի, և պահանջել է իրենից պատմել ճշմարտությունը: Ամուսինը զայրացել է, ապտակել իրեն, ասելով, թե ինչո՞ւ տարիներ շարունակ խաբել է իրեն և ճիշտը չի ասել: Նա ասել է նաև, որ դրա համար ընկերը պատասխան է տալու: Դեպքի օրը հեռախոսով ամուսինն իրեն ասել է, որ «իր անելունն արել է»:
Դատարանը վճռել է ամբաստանյալի նկատմամբ, պատժի հետ մեկտեղ, նշանակել նյարդահոգեբույժի մոտ ամբուլատոր հսկողություն կալանավայրի պայմաններում: Տուժողի քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակիորեն: