«Բա խի՞ ԲՀԿ-ին առանձնացրեցի՞ք». Տիգրան Կարապետյան

«Մենք ապրում ենք Հայաստանում, և քաղաքական դաշտը ամբողջ ժողովրդի համար է, ոչ թե ինչ-որ մի մասի: Մենք պետք է ընտելանանք, ընդունենք միմյանց գաղափարը: Չէ՞ որ լրագրողները մշտապես ասում են՝ պառակտվեց ընդդիմությունը… Որ չպառակտվի, մենք պետք է իրար հանդուրժենք, հասկանանք»,-այս տեսակետը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, որը վերջերս միացել է ոչ իշխանական եռյակին:

Նա նկատեց, որ Եռյակի մեջ էլ հակասություններ կան. «Ասենք, Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է Մաքսային միությանը, մյուս անդամները կողմ են, բայց դա չի նշանակում, որ պայքար չի լինելու։ Պայքար լինելու է, որովհետև մենք ցանկանում ենք մի բան, որ արդար պետության մեջ ապրենք»:

Լրագրողներից  մեկը հարցրեց՝ ի՞նչ եղավ Տ. Կարապետյանի նախկին գնահատականների հետո, որոնք նա հնչեցնում էր եռյակի կուսակցությունների վերաբերյալ.  «Ժառանգությունը» դրսի պրոյեկտ է, ՀԱԿ-ը մանդատների խնդիր է լուծում, ԲՀԿ-ն փողերով է ձայներ հավաքում։ Լրագրողներից, այդ ձեր նախկին ասածների հետ ի՞նչ եղավ: Տ.Կարապետյանը պատասխանեց, որ լրագրողի վերջին ասածը հորինվածք է, ինքը երբեք չի ասել, որ ԲՀԿ-ն փողով է ձայներ հավաքում: Հարցին ՝ այսինքն՝ ԲՀԿ-ն փողով ձայներ չի՞ գնել, նա այսպես պատասխանեց. «Չէ, ես նման բան չեմ ասում, ես ուղղակի չեմ հայտարարել այդպիսի բան»:

Իսկ «Ժառանգության» և ՀԱԿ-ի հետ կապված լրագրողի մեջբերումների հետ Տ.Կարապետյանը համաձայվեց՝ ասելով, որ նախկինում ինքը նման բան ասել է. «Ինչ արած, այդպես ենք ապրում մենք, դրսի պրոեկտ ենք, թե ներսի պրոեկտ ենք, այդպես ենք ապրում, բայց այս հոծ գիծը, գլխավոր պահանջը իշխանափոխության համար պետք է բոլորս միանանք»:

Հարցին՝ մնացել եք նույն կարծիքին, բայց համագործակցո՞ւմ եք, Տ.Կարապետյանն այսպես պատասխանեց. «Չէ, ես համարում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական միավոր կարող է իր յուրահատկություններն ունենալ, բայց ընդահնուր գծին դա չի խագարում: Չէ՞ որ պահանջում ենք արդար իշխանություն»:

Նա նաև նշեց, որ դեռ չի հանդիպել Եռյակի առաջնորդների հետ, բայց հավաստիացրեց, որ հանդիպումներ դեռ տեղի կունենան:

Նշենք, որ ասուլիսի վերջում լրագրողը Տ.Կարապետյանին ցույց տվեց այն հոդվածը, որտեղ ինքը ասել էր, որ ՀՀԿ-ն ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն միշտ էլ  փղով են ձայներ հավաքել: Տ. Կարապետյանը միայն հետևյալն ասաց. «Բա խի՞ ԲՀԿ-ին առանձնացրեցի՞ք»:

Տեսանյութեր

Լրահոս