Պորոշենկոն ու Կոմորովսկին նոյեմբերի 20-ին կժամանեն Մոլդովա՝ աջակցելու համար նրա եվրաինտեգրման ձգտումներին
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր Բրյուսելում կայանալիք ԵՄ-ի արտգործնախարարների նիստից առաջ իր դիրքորոշումը կոորդինացրել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Երկու առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Պորոշենկոն հայտարարել է, որ հանդիպման ժամանակ իրենք մշակել են մինչև տարեվերջ կատարելիք համաձայնեցված քայլերը: Մասնավորապես, նոյեմբերի 20-ին Պորոշենկոն ու Կոմորովսկին համատեղ այցով ժամանելու են Մոլդովա՝ աջակցելու համար նրա եվրաինտեգրման ձգտումներին:
Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ Մոլդովան պետք է դրական օրինակ դառնա բարեփոխումների կատարման հարցում ու եվրաինտեգրման գործընթացներում: Պորոշենկոն հավելել է, որ ներկայումս ընթանում են իր լեհական այցի նախապատրաստությունները, որը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 17-ին: