
Վրաստանը զենքի մատակարարման շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ու ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչները բանակցել են զենքի գնման շուրջ: Այս մասին Թբիլիսիում հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ-ի զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ Հոջեսը.
«Ես տեղյալ եմ զենքի գնման շուրջ բանակցությունների մասին, որոնք նախորդ շաբաթ անցկացվել են Վաշինգտոնում: Կարծում եմ, որ իմ կողմից նպատակահարմար չի լինի խոսել բարձր մակարդակի հանդիպման մասին, որը տեղի է ունեցել իմ երկրի ու Վրաստանի ներկայացուցիչների միջև»:
Հոջեսը, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ովքեր են մասնակցել այդ բանակցություններին: Միևնույն ժամանակ Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն կարծում է, որ պաշտպանության նոր նախարար Մինդիա Ջանելիձեն պետք է շարունակի զենքի ու մարտական համակարգերի մատակարարման շուրջ տարբեր երկրների հետ բանակցությունները.
«Ոչ միայն Ամերիկայի, այլև՝ մյուս երկրների հետ կան այդօրինակ հանդիպումներ ու բանակցություններ: Այստեղ խոսքը գնում է ինչպես աջակցման տարբեր համակարգերի, այնպես էլ մարտական համակարգերի մասին: Նման բանակցությունները պետք է շարունակվեն նոր նախարարի կողմից»: