Արամ Mp3. «Պարտաճանաչ լինելս ոչ թե խանգարում, այլ շատ հաճախ նյարդայնացնում է ինձ»

Հարցազրույց երգիչ, հումորիստ Արամ Mp3-ի հետ

Նոյեմբերի 13-ին «Վիտամին» ակումբի բեմում տեղի ունեցավ Արամ Mp3-ի մենահամերգը, որը, ինչպես միշտ, անցավ լեփ-լեցուն դահլիճում: Մեր հանդիպումն Արամի հետ տեղի ունեցավ մենահամերգից օր առաջ, և չնայած ծանրաբեռնվածությանը, կարողացանք զրուցել վերջինիս հետ եվրատեսիլյան հետևանքների, Մոսկվայում նշանակված, սակայն հանկարծակի հետաձգված մենահամերգի և այլ հարցերի շուրջ:

– Գիտեմ, որ տեսակով պարտաճանաչ մարդ եք: Հաշվի առնելով մեր մենթալիտետին բնորոշ ոչ պարտաճանաչությունը, բնավորության այդ գիծը չի՞ խանգարում Ձեզ:

– Այն էլ ինչպես: Պարտաճանաչ լինելս ոչ թե խանգարում, այլ շատ հաճախ նյարդայնացնում է ինձ: Նախ՝ բազմազբաղությանս պատճառով դիմացինիս ոչ պարտաճանաչ լինելն ուղղակի կարող է ամբողջ օրվա գրաֆիկս տակն ու վրա անել: Եվ, ի վերջո, դա անհարգալից վերաբերմունք է դիմացինի հանդեպ: Ես չեմ սիրում ուշանալ, քանի որ դա մարդուն ճանաչելու կամ գոնե նրա մասին կարծիք կազմելու առաջին պայմաններից է:

Կարդացեք նաև

Aram-MP3-3

– Որքա՞ն կարող եք սպասել:

– Եղել են դեպքեր, երբ ժամ են նշանակել, սակայն եկել են նշանակված ժամից երկու-երեք ժամ հետո: Մեկ հանգամանք կա պարզապես. երբ գործ ես ունենում արվեստի բնագավառի մարդկանց հետ, որոնց մոտ գրաֆիկ հասկացողությունը, աշխատանքի բնույթով միայն, արդեն իսկ չի կարող կարգավորված լինել, մի փոքր բարդ է: Նրանք չեն քնում երեկոյան 22:00-ին, այլ պառկում են առավոտյան 4-ին: Նրանց չես կարող ասել. «Գիտես՝ ինչ կա, քնիր ժամը 22-ին, որովհետև առավոտյան 9-ին փորձ է նշանակված»: Չեմ մեղադրում, քանի որ մարդիկ ամեն կերպ փորձում են փող վաստակել:

– «Վիտամին» ակումբի վերջին սքեչներից մեկում դուք կատակով, բայց դեմքի շատ լուրջ արտահայտությամբ նշում էիք, թե «Եվրատեսիլում» 4-րդ տեղը զբաղեցրած երգիչ եք: Հասկանալի է, որ այդ հանգամանքը Ձեզ համար «ուսադիրներով քայլելու» պատճառ չէ, սակայն ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում այդ հաղթանակից հետո:

– Չէի ասի, թե իմ վերաբերմունքը մարդկանց հանդեպ կամ մարդկանց վերաբերմունքն իմ հանդեպ փոխված լինի: Ես իմ պահվածքով հաստատ դիմացինի մոտ չեմ ստեղծի այն կարծիքը, որ Արամը փոխվել է: Այլ կերպ եմ նայում որոշ հարցերի: Ավելի պրոֆեսիոնալ եմ նայում իմ աշխատանքին:

Aram MP3 (6)

– Նկատի ունեք այն, թե ինչ մակարդակի պրոֆեսիոնալի՞զմ տեսաք «Եվրատեսիլին» մասնակցելիս:

– Այո: Եվ ես փորձում եմ համերգներիս ժամանակ ցուցաբերել նույն պրոֆեսիոնալ մոտեցումը: Ամենամեծ ազդեցությունը երևի թե դա է եղել, եթե հաշվի չառնենք սարսափելի հոգնածությունը:

– Շատ պրիմիտիվ հարց եմ ուզում Ձեզ ուղղել… Ձեր ինչի՞ն էր պետք մասնակցությունն այդ մրցույթին:

– Իրականում ինձ ուղղակի հետաքրքիր էր, թե ինչ է կատարվում այնտեղ: Մեկ այլ բան է, երբ պարզապես դիտում ես հեռուստացույցով, մեկ այլ բան՝ երբ անմիջական մասնակիցն ես այդ ամենի: Ցավոք սրտի, այնպես է ստացվել, որ Հայաստանում միակ ճանապարհը դեպի դուրս, արտիստի համար, դա… «Եվրատեսիլն» է:

– Չե՞ք կարծում, որ «Եվրատեսիլից» հետո Ձեզ սկսեցին ավելի շատ ընդունել՝ որպես երգչի, քան հումորիստի: Եթե նախկինում կար և՛ հումորիստի, և՛ երգչի տարանջատում, ապա հիմա ավելի շատ ընկալվում եք՝ որպես երգիչ:

– Ես չէի էլ ուզում խուսափել դրանից: Նույնիսկ ուզում էի, որ մարդիկ ինձ ընդունեին նաև որպես երգիչ: Իհարկե, ընդունում էին, բայց ոչ մեծ մասը: Այն, որ ավելի շատ թվով մարդիկ են սկսել ինձ ընդունել որպես երգիչ, այդ միտքն ինձ միայն ուրախացնում է:

– Հետաքրքիր բան տեղի ունեցավ «Եվրատեսիլին» Ձեր մասնակցության ընթացքում: Այդ մրցույթին մինչ օրս Հայաստանը ներկայացնող, թերևս, միակ մասնակիցն էիք, ում մասնակցության փաստն ընդունվեց միանշանակ դրական: Համենայնդեպս, եթե նույնիսկ եղել է բացասական կարծիք, ապա չի էլ նկատվել, ինչը հնարավոր չէ ասել նախորդ մասնակիցների դեպքում: Չունեի՞ք հակառակորդներ: Ինչո՞վ եք բացատրում այդ փաստը:

– Հակառակորդներ չունեմ՝ այն իմաստով, որ կյանքիս ընթացքում ոչ ոքի հետ չեմ հակառակվել: Չեմ կարող լիովին պատասխանել այդ հարցին, որովհետև պատասխանիս պատճառով մարդիկ միգուցե սխալ հասկանան ինձ և կարծեն, թե մեծամտացել եմ: Ուղղակի շնորհակալ եմ: Ինձ համար մեծ անակնկալ էր, երբ հունվարի 1-ին իմացա, որ ես եմ մասնակցելու «Եվրատեսիլին», և, որ նման դրական արձագանքներ ստացա այդ փաստի կապակցությամբ: Ինձ համար մեծ նվեր էր, որ այդ փաստը բուռն դրական էմոցիաներով ողջունվեց: Երկար տարիներիս գործունեությունը բեմում, հեռուստատեսությունում, երաժշտության բնագավառում… պարզվեց՝ իզուր չէր: Ես զբաղեցրեցի 4-րդ տեղը, իհարկե, շատ կուզեի զբաղեցնել առաջինը, որպեսզի հաջորդ «Եվրատեսիլը» գար Հայաստան…

aram-mp3-armenia-eurovision

– Իսկ դա հնարավո՞ր էր: Որպես այդ ամենին անմիջական մասնակցություն ունեցած մարդ, կարծում եք՝ միայն լավ երգով և կատարումով հնարավո՞ր է զբաղեցնել առաջին տեղը:

– Հըմ… Ես նաև իմ կատարման մեջ եմ տեսնում թերություններ: Ես երբեք չեմ ասել, թե կատարյալ եմ երգել: Սակայն ես այլ բան էի ուզում ասել…

– Ձեզ հաջողակ մարդ համարո՞ւմ եք: Եվ ի՞նչ ասել է՝ լինել հաջողակ:

– Ես ինձ համարում եմ հաջողակ: Զբաղվում եմ նրանով, ինչով ուզում եմ, սիրում եմ, դա արդեն իսկ հաջողակ լինելու գրավականներից մեկն է: Ես ունեմ ընտանիք, սիրելի կին, տղա, ում պաշտում եմ… Այսինքն՝ այդ բնագավառում ևս ամեն ինչ OK է: Ես շարունակում եմ ստեղծագործել, երգել…

Aram MP3 (4)

Aram MP3 (7)

– Իրապես ամեն ոք չէ, որ կարող է իրեն թույլ տալ զբաղվել նրանով, ինչ սիրում է, ինչն իրենն է…

– Կարծում եմ՝ դա երջանիկ լինելու ամենակարևոր նախապայմաններից է: Եթե մի փոքր էլ հարցն ուղղեք դեպի նյութական դաշտ, ապա շատ տխուր պատկեր է ստացվում, երբ մարդն անում է այն, ինչ չի սիրում, բայց պետք է անի, քանի որ… պետք է: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդն առավոտյան ժամը 7-ին արթնանում է, գնում է աշխատելու մի ոլորտում, որը տանել չի կարող…

Եվ այդպես՝ ամեն օր… մի ամբողջ կյանք: Ես մինչ օրս չեմ տեսել բանկի ուրախ աշխատակցի, ով գժվում է իր աշխատանքի համար, ով ամբողջ գիշեր սպասում է, թե երբ է լույսը բացվելու, երբ ինքը կվազի աշխատանքի:

– Կարծում եմ՝ ամիսը մեկ, աշխատավարձի օրերին, նրանք հենց այդպես էլ անում են: Հիմա ֆինանսականի մասին: Դուք կարո՞ղ եք Ձեզ թույլ տալ զբաղվելու միայն նրանով, ինչ Ձեզ դուր է գալիս:

– Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա ինչ-որ կարգախոսներ, ամբիցիաներ, որոնք հենց նա պետք է թելադրի և չպետք է կոտրվի: Կոտրվելուց հետո դու միգուցե և վաստակես փող, բայց հաստատ կգա մի տարիք, երբ ետ նայելով քո անցած ուղուն՝ կհասկանաս, որ ուղղակի ինքդ քեզ խաբել ես: Կան մարդիկ, ովքեր «վաճառում» են իրենց ստեղծած իրականությանը:

– Շատերը պարտադրաբար են դիմում ինքնավաճառքի:

– Երբեք չեմ փորձել քննադատել մարդկանց: Ուղղակի հաճախ կողքից՝ հենց մեր բնագավառի մարդկանցից լսել եմ քննադատություններ այն մարդկանց հասցեին, ովքեր հանկարծ փոխում են իրենց երաժշտական ժանրը, որն իրենցը չէ և որն ավելի մատչելի է և եկամտաբեր: Կամ՝ երգում են ռեստորաններում:

Aram MP3-5

Շատ են լսվում բողոքներ տվյալ մարդկանց հասցեին: Մի կողմից՝ ճիշտ, մյուս կողմից՝ սխալ: Նախ՝ պետք է հասկանալ, որ, այո՛, այդ մարդիկ պետք է գումար վաստակեն: Մեր երկրում շատ դժվար է ինքնառեալիզացվելը. դաշտը շատ փոքր է և դեպի դուրս տանող ճանապարհներն էլ բարդ են: Եթե նույն «փախած նկարիչը» ստեղծագործի, օրինակ, Անգլիայում, նա հաստատ կգտնի իր շուկան, իրեն գնահատողներին:

Մեր երկրում այդ ամենը գնահատողների թիվը 10-15-ի սահմաններում էլ կմնա: Եվ, բնականաբար, որ այդ ամենով հաստատ չես պահի քո ընտանիքը:
Դա ծանր փորձություն է, որին հնարավոր չէ երկար դիմանալ: Դիմանալով՝ դու փորձում ես ապացուցել, որ չես կոտրվում, բայց գալիս է մի պահ, երբ դու տեսնում ես, որ քեզ ներքևից նայող աչքեր կան, և հասկանում ես՝ ում են պետք այդ ամբիցիաները, եթե ոչինչ չես կարող պատասխանել այդ հայացքին:

Ահա նման դեպքերում՝ վա՛յ նրան, ով կքննադատի նրան, ով կփոխի իր ուղին… գումար աշխատելու նպատակով: Այդպես կվարվեր յուրաքանչյուր ծնող:

– Ասում են՝ ախորժակն ուտելիս է բացվում:

– Այո, կան մարդիկ, ովքեր լավ էլ կարող են ապահովել իրենց մինիմումը և անգամ մաքսիմումը, սակայն իրենց ես-ը կորցրած՝ շարունակում են զբաղվել հնարավորինս շատ վաստակելով: Այդ իսկ պատճառով այդ հարցին հնարավոր չէ միանշանակ պատասխանել:

Aram MP3 (2)

– Անձամբ Ձեզ եղել են խնջույքներին, կորպորատիվ միջոցառումներին երգելու առաջարկներ:

– Իհա՛րկե եղել են: Մասնակցել եմ, սակայն իմ երգացանկով միայն: Ինձ կանչում են իմ երգերի համար:

– Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ Ձեզ փորձեն «փորձարկել», օրինակ, խնդրել հեռու Սիբիրից եկած պատվավոր հյուրի համար երգել, ասենք՝ «Մուռկան»:

– Մեր միակ փորձարկումը եղել է «Վիտամինի» շրջանակներում, երբ ես և Գարիկը փորձեցինք «Պատրոնդաշ» երգել, սակայն այլ ոճով: Այնպես որ՝ բոլոր «փորձարկումները» կարող են լինել մաքսիմում այդ տարբերակով:

Aram MP3 (5)

– Ունե՞ք արդյոք այնպիսի բացասական հատկություններ կամ բնավորության գծեր, որոնց մասին հիշելիս միայն մտածում եք. «Թե ինչո՞ւ է կինս ինձ հանդուրժում»:

– Կինս գիտի այդ կողմերի մասին. հասցրել է ճանաչել: Եվ հաստատ չի սիրում բնավորությանս որոշ գծեր:

– Որո՞նք են դրանք:

– Դե, կան էլի: Ես էլ մարդ եմ՝ իմ առավելություններով ու թերություններով հանդերձ:

– Ի՞նչն է Ձեզ հունից հանում:

– Գիտեք, վերջերս այնքան հեշտ է դարձել ինձ հունից հանելը:

– Սակայն արտաքնապես թվում է, թե հանգիստ, հավասարակշռված անձնավորություն եք:

– Ես այդպիսին էի: Սակայն զգում եմ, որ տարիների ընթացքում նյարդերս տեղի են տալիս, և ես ամենապրիմիտիվ բանից շատ հեշտ նյարդայնանում եմ:

– Ընտանեկան կյա՞նքն է նպաստել:

– Ոչ, ընտանեկան կյանքը հաստատ չի ազդել: Հակառակը՝ աշխատանքային կյանքում առաջացած խնդիրները կարող են ազդել ընտանեկան կյանքի վրա:

Aram MP3 (1)

– Ձեր բազմազբաղության պատճառով հաճա՞խ են լինում ընտանեկան վեճեր:

– Իմ աշխատանքային ռիթմին կինս վաղուց է սովորել: Ես միշտ նշում եմ, որ այդ առումով բախտս բերել է. կինս ինձ շատ լավ է հասկանում: Ի վերջո, գիտեր՝ ում հետ է ամուսնանում: Երբեք ո՛չ բողոք, ո՛չ պահանջ չի եղել: Ինքս եմ զգում, որ շատ եմ բացակայում տանից: Եթե ազատ եմ, տուն եմ գնում: Ինքս եմ ուզում տուն գնալ, լինել ընտանիքիս հետ:

– Երբ այդ զայրույթի պահերին անպատեհ նեղացնում եք մեկին, պատրա՞ստ եք հետո ներողություն խնդրել տվյալ մարդուց: Գիտեմ, որ հայ տղամարդկանց մեծամասնության մոտ դա այնքան էլ ընդունված նորմ չէ:

– Ես նման խնդիր չունեմ: Եթե նեղացրել եմ մեկին՝ հատկապես անպատեհ, անպայման աշխատում եմ ուղղել սխալս: Այո՛, եթե զգում եմ՝ պետք է, նաև ներողություն եմ խնդրում սխալիս համար:

– Մոսկվայում «քիչ էր մնում» կայանար Ձեր մենահամերգը: Սակայն համերգից գրեթե օրեր առաջ այն հետաձգվեց: Ի՞նչն էր պատճառը:

– Մոսկովյան համերգը հետաձգվեց, քանի որ ավելի հետաքրքիր առաջարկ արվեց: Մարտին կայանալու է հրաշալի նախագիծ, որը կոչվում է «Ночь живих музыкантов»: Այդ նախագծին մասնակցելու եմ նաև ես՝ երկու ժամանոց համերգային ծրագրով: Բացի այդ՝ հիանալի հնարավորություն է ստեղծվում երգելու ռուս հայտնի այլ բենդերի հետ: Տոմսերի և հանդիսատեսի հետ խնդիրներ չկան, քանի որ այդ հարցերը ևս լուծված են:

Aram MP3 (3)

– Դրանից անմիջապես հետո հայտարարվեց Ձեր երևանյան մենահամերգների մասին: Դրանք միմյանց հետ կապ ունե՞ն:

– Ոչ: Երևանյան մենահամերգները, միևնույն է, կայանալու էին:

Հ.Գ. Եվ կայացավ: Հիանալի մենահամերգներ Արամի MP 3-ի երաժշտության սիրահարների համար տեղի կունենան նաև նոյեմբերի 18-ին և 27- ին:

Տեսանյութեր

Լրահոս