«Ասա՛, ո՞վ են հերոսներդ, կասեմ` ով ես դու» կամ կործանված ուղղաթիռն ու միջազգային կառույցների հերթական ջայլամային քաղաքականությունը

Գերմանիայի Հայոց թեմի փոխառաջնորդ Հայր Սերովբէ Վարդապետ Իսախանեանը նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի միջադեպի վերաբերյալ 168.am-ին ասաց.

«Կարդում ես միջազգային կառույցների` լինի ՄԱԿ կամ ԵԱՀԿ և այլն, հայտարարություններն ու մտածում, որքա՞ն կարելի է ջայլամի նման գլուխը կոխել հողի ու ավազի մեջ: Ակնառու փաստ է` ադրբեջանական, այդպես էլ բանակ ու զինվոր չդարձած, սպայի ու զինվորի պատիվ չունեցող ու չհասկացող, ելուզակները օրը ցերեկով իրենց հետ ուղղակի պատերազմական առնչություն չունեցող հայկական ուսումնավարժական ուղղաթիռ են պայթեցրել ու անասնական հրճվանք ապրել: Նկարահանումն էլ հայկական կողմինը չէ, որ ասես ու պնդես, թե մերոնք են տեղեկատվական ինչ-որ ապակողմնորոշիչ լուրեր տարածում:

Հետևաբար՝ այդ կառույցների առաջին պարտականությունը պիտի լիներ, առանց երկիմաստ մտքերի ու ձևակերպումների, նախ դատապարտել ուղղաթիռի պայթեցումն ու կործանումը: Մանրամասները կարող են պարզվել, տեսակետները կարող են տարբեր լինել, բայց ուսումնավարժական ուղղաթիռի ոչնչացումը հստակորեն պետք է դատապարտվի, անկախ թե ո՞վ է դա իրականացնում` ադրբեջանական թե հայկական կողմը:

Հերիք է հավասարության նշան դնել կողմերի միջև և ոչինչ չասող ընդհանուր կոչեր հղել հակամարտող կողմերին: Հետաքրքիր է, արդյո՞ք այդպիսին կլիներ միջազգային կառույցների արձագանքը, եթե հանկարծ հայկական կողմը դիմեր նման քայլի: Թեև ես երբեք պիտի չուզեի, որ մերոնք նման կերպ վարվեին ադրբեջանական ուղղաթիռի հետ:

100 տոկոս համաձայն եմ զսպվածության, բայց զսպվածությունը պիտի պահանջվի ու ցուցաբերվի` խուսափելու համար նման չարանենգ քայլերից, և ոչ թե պատահելուց ու հակառակորդի կողմից պատերազմական հանցանք գործելուց հետո, հայկական կողմի գլխին զսպվածության քարոզներ կարդացվի:

«Խաղաղություն ամենեցուն» եմ ասում և աղոթում, որ իրական պատերազմը երբեք ու երբեք չվերսկսվի, բայց նաև վստահ եմ, որ հայ զինվորը արժանի պատասխանն ու հակահարվածը կտա ադրբեջանական հրոսակախմբին: Իսկապես հրոսակախո՛ւմբ և ոչ թե բանա՛կ, որտեղ խաղաղ քնած մարդուն կացնահարողին պաշտոն են տալիս ու ազգային հերոս հռչակում, իսկ ուղղաթիռը կործանած անասունին էլ` շքանշանով պարգևատրում: «Ասա՛, ո՞վ են հերոսներդ, կասեմ, ով ես դու»»:

 

Տեսանյութեր

Լրահոս