«Եթե մերոնք վստահ են, որ հարձակվելուց մեկ շաբաթ հետո Բաքու կմտնեն, ճիշտ կլիներ անմիջապես մտնել և գրավել». Սամվել Շահինյան
Բանակը և Արտաքին գործերի նախարարությունը պետք է համատեղ աշխատեն: 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազգային պետություն» կուսակցության նախագահ, Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը՝ խոսելով երեկ՝ նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի մասին:
Ըստ Ս. Շահինյանի՝ պետք է անպայման պատասխանել այդ քայլին. «Շատ կոշտ արտաքին քաղաքականություն պետք է իրականացնել, տեղեկացնել բոլոր պետություններին, որոնք շահագրգիռ են տարածաշրջանում կատարվող իրադարձություններում, պահանջել, որպեսզի նրանք իրենց ձայնը բարձրացնեն Ադրբեջանի դեմ: Իսկ կոշտ միջոցառումներից, ես կարծում եմ, անհրաժեշտ է անպայման համապատասխան պատասխաններ տալ, այսինքն՝ եթե որևէ ինքնաթիռ կամ ուղղաթիռ մոտ է անցնում մեր սահամանին, անպայման խփել»:
Ս. Շահինյանը կարծում է, որ հնարավոր պատերազմական գործողությունները սկսելու վերաբերյալ ոչ ինքը կարող է որոշում կայացնել, ոչ էլ Երևան քաղաքում նստած ինչ-որ մի մտավորական: Դա Պաշտպանության նախարարության լիազորությունների շրջանակներում է, որտեղ, ըստ Ս. Շահինյանի, շատ լավ մասնագետներ կան, հրաշալի տիրապետում են իրավիճակին, և ինքը վստահ է, որ ճիշտ միջոցառումներ կիրականցնեն.
«Իմ կարծիքով՝ եթե մերոնք վստահ են, որ հարձակվելուց մեկ շաբաթ հետո Բաքու կմտնեն, ճիշտ կլիներ անմիջապես մտնել և գրավել, ու միանգամից այս հարցը վերջացնել: Բայց եթե վստահ չեն, որ մի շաբաթվա մեջ Բաքու կմտնեն, բացարձակ անիմաստ եմ համարում պատերազմական գործողություններ սկսելը, որը հրահրում է Ադրբեջանը: Այլ խնդիր է՝ եթե Ադրբեջանը նախահարձակ լինի, այդ ժամանակ արդեն բնականոն պատերազմ կլինի, և մենք կհաղթենք: Բայց հիմա մեր հարձակումը կդիտվի որպես՝ առիթից օգտվելով ագրեսիա»:
Հարցին՝ ի՞նչ պետք է անել՝ նման միջադեպերից խուսափելու համար, Ս.Շահինյանը պատասխանեց՝ դա անհնար է.
«Կանխել չենք կարող, դա նույնն է, որ ասենք՝ Խորհրդային միությունն ու Ամերիկան, որ սառը պատերազմ էին մղում, ինչո՞ւ չէին կանխում փոխադարձ ոտնձգությունները, որոնք գրեթե հասնում էին ատոմային պատերազմի: Այսինքն՝ այդ երևույթը հակամարտող կողմերի կողմից միշտ եղել է: Ուղղակի, մենք, ելնելով անցյալի փորձից, պետք է շատ կոշտ հակահարված տանք՝ 1-ին՝ 2, 1-ին՝ 3: Բայց մեր իրավական ատյանները պետք է շարունակենք պնդել, որ սա պետք է վերջ ունենա: Մենք ուժեղ ենք, բայց մենք չենք ուզում պատերազմ: Դա պետք է անընդհատ երևա»:
Մեր հարցին՝ ասում են՝ ուղղաթիռը սահմանի երկայնքով է զորավարժություններ արել, իմանալով ադրբեջանական կողմին՝ չէի՞ն կարող այդքան չմոտենալ սահմանին, Ս. Շահինյանն այսպես պատասխանեց.
«Դուք կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ է նշանակում սահման: Ադրբեջանը չի ճանաչում Արցախի տարածքային ամբողջությունը: Դե ուրեմն իրենց համար սահման չկա: Մոռացեք դա՝ սահմանին մոտ ես գնում, հեռու ես գնում… Ադրբեջանն այն գլխից հայտարարում է, որ դա իր տարածքն է, ուրեմն՝ ինքը ռմբահարել է իր տարածքում»: