«Ոչ պրոֆեսիոնալ իշխանություններ ունենալու հետևանքն է, որ փինաչին կարող է դառնալ իշխանավոր» (տեսանյութ)
«Դեմ եմ» նախաձեռնության մի շարք անդամներ այսօր ակցիա իրականացրին Ֆինանսների նախարարության շրջակայքում և ՀՀ կառավարության շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցները նշում էին, որ հավաքվել են հասարակության և կառավարության ուշադրություն հրավիրելու այն փաստի վրա, որ համատեղությամբ մասնավոր և պետական սեկտորում աշխատող դասախոսների պարտադիր սոցիալական վճարի գանձումն իրականացվում է ամբողջ եկամտից: «Դեմ եմ»-ի անդամ Սրբուհի Ղազարյանի խոսքով՝ այդ պատճառով երիտասարդ մասնագետների շատ մեծ արտահոսք տեղի ունեցավ բուհերից:
«Մտահոգություն հայտնել էր նաև Կրթության և գիտության նախարարը, երկու ամիս է անցել, որևէ քայլ այդ ուղղությամբ չի կատարվել»,- ասաց Սրբուհի Ղազարյանը: Նա նշեց, որ կառավարության նիստի ընթացքում վարչապետը հանձնարարել էր լուծել համատեղությամբ աշխատող դասախոսների խնդիրը, սակայն ոչինչ չի արվել:
«Վարչապետի հանձնարարականը մնացել է անպատասխան: Կարծում եմ՝ նույն վարչապետի անհետևողականության հանգամանք ևս այստեղ կար»,- ասաց Սրբուհի Ղազարյանը:
Ինչպես տեղեկացրել էինք, ակցիայի մասնակիցները այսօր նախ հավաքվել էին Ֆինանսների նախարարության մոտակայքում և ցանկանում էին նամակ փոխանցել նախարարությանը, սակայն ոստիկանները նրանց այդպես էլ թույլ չտվեցին մոտենալ նախարարության շենքին:
Իսկ երբ մասնակիցներից մի քանիսը, շրջանցելով ոստիկանության կազմած պատը, հայտնվեցին նախարարության շենքի մոտ, ոստիկանությունը նրանց հրելով դուրս բերեց այդ տարածքից:
«Մեր երկրում, փաստորեն Ֆինանսների նախարարությունն ավելի կարևոր նշանակության օբյեկտ է, քան կառավարությունը, որովհետև մեզ թողեցին մոտենալ այստեղ և չթողեցին մոտենալ այնտեղ: Պարո´ն վարչապետ, խնդրում եմ սա նկատի ունեցեք: Կեցցե Գագիկ Խաչատրյանը, որը նաև համարձակվեց չկատարել վարչապետի հանձնարարականը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ իր վիճակը երկրում ավելի բարձր է, քան ՀՀ վարչապետի կարգավիճակը»,- կառավարության մոտ հայտարարեց «Դեմ եմ» թիմի անդամ Գևորգ Գորգիսյանը:
«Բուհերը զրկվում են որակյալ, ժամանակակից, կադրերից: Բուհերը զրկվում են մասնագետներից, որոնք պետք է պատրաստեն մեր երկրի վաղվա մասնագետներին: Բուհը պետք է ապահովի մեր երկրի աճը, տնտեսական զարգացվածությունը, բարեկեցությունը, ամեն ինչը: Եվ հիմա այդ ամենը վտանգված է: Եվ պարոն վարչապետ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այս ամենի վրա: Թեև Դուք բազմիցս խոստացաք, որ այս խնդիրները Ձեր ուշադրության կենտրոնում կլինեն: Չկա նման բան:
Մենք դա չենք տեսնում: Մենք ուզում ենք գործողություն տեսնել, Դուք հանձնարարություն եք տվել, բարի եղեք հետամուտ լինել, որպեսզի հանձնարարությունը կատարվի»,- դիմելով վարչապետին՝ ասաց նա:
Մասնակիցներից մեկն էլ ասաց, որ իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ ցանկացած օրինագիծ ընդունելիս, ցանկացած «բարեփոխում» անելիս ոչ մի կերպ չեն կարողանում հաշվարկել ռիսկերը, հետևանքները:
«Միշտ լինում է հակառակ տրամաբանությամբ: Ընդունում են օրենք, եթե ժողովուրդը դրա դեմ ընդվզում է, նոր մտածում են, որ միգուցե լավ բան չէ: եթե չի ընդվզում, իր համար դառնում է դոգմա, այսինքն՝ լավ է: Սա ոչ պրոֆեսիոնալ իշխանություններ ունենալու հետևանքն է: Սա նրա հետևանքն է, որ փինաչին կարող է դառնալ իշխանավոր:
Սա նրա հետևանքն է, որ առևտրականը, որը միգուցե լավ է իր առևտրի մեջ, կարող է դառնալ նախարար կամ երկրում առաջին դեմքերից մեկը: Սա դրա հետևանքն է: Եվ այս հարցին չանդրադառնալը, այս հարցին նմանատիպ մոտեցում ցուցաբերելը ևս խոսում է այն մասին, որ նախարարները, կառավարությունը ոչ մի պատկերացում չունեն կրթության և դրա անհրաժեշտության մասին: Այսօր Հայաստանը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ մենք ավելի շատ սպառում ենք, քան արտադրում: Մենք անխնա ձևով մեր սարերը քանդում ենք պարզապես ու ծախում ենք օտարին: Մենք ոչ մի արժեք չենք ստեղծում: Դա ապաշնորհ քաղաքականության հետևանքն է:
Ըստ իս՝ կրթությունը և գիտական աշխատանքը մնացել է միակ ուղղությունը, որը ներքին ռեսուրսով կարող ենք զարգացնել, բայց այսօր կառավարության և իշխանությունների կողմից փորձում են նաև ոչնչացնել այս ոլորտը:
Այսօր երիտասարդ դասախոսին հնարավորություն չի տրվում արժանապատվորեն աշխատել բուհերում: Բուհերը վերածվում են ծերակույտերի և դրա մասին նույնիսկ բուհերի ռեկտորները չեն համարձակվում բարձրաձայնել»,- ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամներից մեկը,- ապա շարունակեց,- Կառավարությունը ի դեմս Հովիկ Աբրահամյանի պետք է խորապես հասկանա այդ խնդիրը, այդ հրամանը տա ոչ թե սեփական PR ակցիայի համար կամ նրա համար, որ մարդիկ հանդարտվեն, այլ դա պետք է իրականացվի կոնկրետ գործողություններով: Սպասում ենք կոնկրետ գործողությունների, այլապես ևս մեկ անգամ փաստում ենք, որ իշխանությունները չեն կարողանում ճիշտ պատկերացնել իրավիճակները:
Իշխանությունները չունեն ոչ մի ռազմավարական ոչ մի ծրագիր: Եթե այսօր վնասում են կրթությանը, ապա դա վերածվում է կարգախոսի՝ ինձից հետո թեկուզ ջրհեղեղ: Հիմա կուտեն, կգնան, թե հետո ինչ կլինի, Աստված գիտի»:
ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսան Ղազարյանը մոտեցավ ակցիայի մասնակիցներին. մասնակիցները նախ նրան խնդրեցին Ֆինանսների նախարարության համար նախատեսված նամակը փոխանցել նրանց՝ նշելով, որ նրանք «լայաղ չարեցին» վերցնել այն: Նրանք իրենց նամակը մուտքագրեցին կառավարություն, իսկ Ֆինանսների նախարարության նամակը որոշեցին ուղարկել փոստով: