
Խոցված ուղղաթիռը վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում, նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ. «Ռազմինֆո»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:
«Ռազմինֆոյի» տվյալներով՝ խոցվելու պահին ուղղաթիռը Ադրբեջանի օդային տարածքում չի գտնվել։ Խոցված ուղղաթիռը վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում, նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ։
Միևնույն ժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, նշում են, որ հայկական օդուժի ուղղաթիռը խոցվել է «Աղդամի շրջանում՝ Չեմենլի բնակավայրի մոտակայքում»։