Ադրբեջանն ունակ է 100 տարի գազ մատակարարել Եվրոպային. Իլհամ Ալիև
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունգարիա այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հարցազրույց է տվել Հունգարական ազգային հեռուստատեսությանը, որում անդրադարձել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում Ադրբեջանի դերակատարությանը.
«Մենք ունենք էներգետիկ մեծ պաշարներ: Գազի մեր ապացուցված նվազագույն պաշարները կազմում են 2.5 տրիլիոն խորանարդ մետր: Այդ թիվը հետագայում աճելու է, քանի որ մենք դեռ շարունակում ենք հետախուզական աշխատանքները:
Անգամ այդ թիվը բավական է նրա համար, որ մենք եվրոպական սպառողների համար դառնանք գազի հուսալի աղբյուր, առնվազն 100 տարվա ընթացքում: Ադրբեջանը քիչ ջանքեր չի գործադրել՝ այդ ռեսուրսները եվրոպական շուկա մատակարարելու համար: ԵՄ-ի մի շարք անդամներ նավթի 40 տոկոսը ստանում են Ադրբեջանից:
Ադրբեջանը ներկայումս կյանքի է կոչում «Հարավային գազային միջանցքի» նախագիծը, որն ամբողջովին կվերաձևի Եվրոպայի էներգետիկ քարտեզը: Երկու ամսից էլ պակաս ժամանակ առաջ՝ սեպտեմբերին, տրվեց «Հարավային գազային միջանցք» վիթխարի նախագծի իրագործման մեկնարկը:
Աշխատանքներն արդեն իսկ սկսվել են: Այդ նախագիծն Ադրբեջանին հնարավորություն կտա կապեր հաստատել եվրոպական շատ երկրների հետ և ստեղծել նոր, ժամանակակից բաշխիչ համակարգ: Մենք ստեղծել ենք այնպիսի բաշխիչ համակարգ, որի միջոցով կարելի կլինի փոխադրել մոտ 50 միլիարդ խորանարդ մետր գազ:
Դա էներգետիկ դիվերսիֆիկացման ու անվտանգության նախագիծ է: Առանց էներգետիկ անվտանգության, դժվար է ապահովել ֆիզիկական անվտանգություն: Այդ հարցերը փոխկապակցված են»: