
Հունգարիան ու Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության հուշագիր

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև անցկացված բանակցությունների արդյունքներով ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր:
Մասնավորապես, Ալիևն ու Օրբանը ստորագրել են Ադրբեջանի ու Հունգարիայի միջև ռազմավարական գործընկերության հուշագիր: Բացի այդ, ստորագրվել է զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր, Բուդապեշտի ու Բաքվի քաղաքապետարանների միջև ստորագրվել է բարեկամության ու համագործակցության մասին արձանագրություն:
Ստորագրված մյուս փաստաթղթերն առնչվում են գյուղատնտեսական, ավիահաղորդակցության, կապի ոլորտներին: Օրբանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է Ադրբեջանի հետ իր երկրի էներգետիկ համագործակցության կարևորությունը:
Նա ընդգծել է, որ ադրբեջանական գազը ստորագրված համաձայնագրերով պետք է հասնի Հարավային Եվրոպա, իսկ հետագայում՝ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումից հետո, այն հասնելու է նաև Կենտրոնական Եվրոպա: