
Սիրիայում ու Իրաքում հարկադիր վերաբնակների թիվը հասել է 13.6 միլիոնի. ՄԱԿ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի հարցերով բյուրոյի ղեկավար Ամին Ավադը Ժնևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սիրիայում ու Իրաքում առկա բախումների հետևանքով իրենց տներից հարկադրաբար հեռացել է մոտ 13.6 միլիոն մարդ:
Ավադն ընդգծել է, որ մեկ տարվա ընթացքում Իրաքում հարկադիր վերաբնակ է դարձել 1.9 միլիոն մարդ, իսկ մնացյալ հարկադիր վերաբնակները սիրիացիներ են: Ավադի խոսքերով՝ սիրիացի փախստականների մեծ մասը բնակվում է Լիբանանի, Հորդանանի, Իրաքի ու Թուրքիայի տարածքներում ստեղծված ճամբարներում:
Ավադը մյուս երկրներին կոչ է արել ստեղծել նմանատիպ ճամբարներ՝ նախատեսված սիրիացի ու իրաքցի փախստականների համար: