ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն. Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղադրված են եղել ճանապարհային երթևեկության բոլոր անհրաժեշտ նշանները (լուսանկարներ)

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.

«Գյումրի-Երևան Մ-1 ավտոճանապարհի 107-րդ կիլոմետրում՝ Հոռոմ գյուղի
խաչմերուկում, որտեղ նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, տեղի է
ունեցել ավտովթար, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի
ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ճանապարհային
ոստիկանության համատեղ որոշմամբ՝ երթևեկությունը կարգավորելու համար
տեղադրված են եղել ճանապարհային երթևեկության բոլոր անհրաժեշտ նշանները:

Մասնավորապես, Մ-1 ավտոճանապարհի վրա տեղակայված է 2.1 «Գլխավոր ճանապարհ» ճանապարհային նշանը, իսկ Հ-21 ավտոճանապարհի վրա՝ մինչև Մ-1 ավտոճանապարհի  խաչմերուկին մոտենալը, հաջորդաբար տեղակայված են 70, 50, 30
նշանակություններով 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում»
ճանապարհային նշաններ, իսկ դրանցից հետո՝ խաչմերուկին մոտ տեղակայված են
2.4 «Զիջեք ճանապարհը» և 2.5 «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է»
ճանապարհային նշանները:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հանձնարարությամբ արդեն 2 տարի գործում
է աշխատանքային խումբ, որը ՀՀ ճանապարհային ցանցի ողջ երկայնքով կատարում է
ճանապարհների վթարային և վտանգված հատվածների ուսումնասիրություն։ Գյումրի
– Երևան ավտոճանապարհի տվյալ հատվածում ճանապարհային ծածկի վթարային
իրավիճակ չկա։

Gyumri3

Gyumri2

Gyumri1

Gyumri

Gyumri4

Ասֆալտապատումը գտնվում է երթևեկության համար նորմալ վիճակում և չէր կարող
վթարի պատճառ դառնալ։

«Գյումրի – Երևան» թիվ 359 միկրոավտոբուսային երթուղով ուղևորների
կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթը կայացել է 2013թ հունիսի 28-ին: Այդ երթուղում ընդգրկված միկրոավտոբուսները լիարժեք համապատասխանում են ՀՀ կառավարության թիվ 762 որոշմամբ սահմանված մրցութային կարգի պահանջներին։

Վթարի ենթարկված միկրոավտոբուսը վերջին տեխնիկական զննությունն անցել է
2014թ. հոկտեմբերի 29-ին։ Երթուղայինի վարորդը 1977 թվականից վարել է
ավտոբուս, վերջին տասը տարում աշխատել է տվյալ երթուղում։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում
ողբերգական պատահարի հետևանքով զոհվածների հարազատներին, տուժածներին
մաղթում շուտափույթ ապաքինում:

Միաժամանակ անընդունելի ենք համարում դժբախտ պատահարի վերաբերյալ հնչող ոչ մասնագիտական եզրահանգումներն ու շահարկումները»։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս