21-րդ դարի խորհրդային խնդիրները կամ ինչպես են մարդիկ ապրում կենտրոնից ոչ հեռու

Ստեփանակերտ քաղաքի Հակոբ Հակոբյան,Հենրիխ Պողոսյան եւ Գարեգին Նժդեհ եւ Մխիթար Սպարապետ փողոցների անբարեկարգ վիճակը փողոցի բնակիչներին վաղուց է անհանգստացնում:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին փողոցի բնակիչները՝ խնդիրը դեռեւս կար խորհրդային տարիներին, որը մինչեւ հիմա լուծում չի ստացել:

«Պաշտոնյաները միայն ընտրություններից առաջ են մեզ հիշում, որից հետո ինչքան պաշտոնավարում են՝ չեն գալիս հարցնեն՝ ինչ-ո՞ր բողոք կամ խնդիր ունենք, թե՞ ոչ։ Կուզեի մեր պատգամավորին հարցնել՝ ինչո՞ւ մի անգամ չի գալիս ու հետաքրքրվում մեզանով։ Չորս տարի առաջ ջրագծերի վերանորոգման աշխատանքների ժամանակ քանդել են ճանապարհն ու թողել այդպես:

Նույնիսկ տաքսու վարորդներն են բողոքում այս վիճակից: Թաղկոմն /թաղապետը՝ հեղ./ ասում է, որ դիմել է քաղաքապետարան,ասել են, որ 2015-ին կլուծեն հարցը։ Փողոցը ծայրամասային չէ, մի քանի մետր է հեռու հրապարակից, բայց կարծես թե ծայրամասային լինի»,- փասում է Հենրիխ Պողոսյան փողոցի 50 տարվա բնակչուհի Ռոզա Համբարձումյանը, ով մտավախություն ունի, որ տան առջեւ առաջացած մեծ փոսը ձմռանը կլցվի, ու հավաքված ջրերը կհոսեն դեպի տուն։ Այդպիսի դեպք տիկին Ռոզայի պատմելով արդեն եղել է. տան մի սենյակը խոնավացել էր, ու ստիպված են եղել վերանորոգել սեփական միջոցներով:

Գարեգին Նժդեհ փողոցում է բնակվում 87-ամյա Աշխեն Մինասյանը, ով, իր խոսքերով, հոգնել է քանդված ճանապարհներից. «Դժվար է գնալ-գալը, իսկ անհրաժեշտությունը կա՝ իմ խնամության տակ առաջին կարգի հաշմանդամ կա»:

70 տարուց ավելի է, ինչ այդ փողոցում է ապրում ու ճանապարհների լավ վիճակ չի հիշում։ «Ձմռանն անձրեւաջրերը գալիս են տան առջեւ հավաքվում։ Ի՞նչ անենք։ Եկել են քանդել, թողել նույն քանդված վիճակում, հիմա էլ չեն սարքում, – պատմում է Աշխեն տատիկը եւ նշում, որ հարեւանուհին դիմել է տարբեր լրատվամիջոցների՝ լուսաբանելու համար իրենց փողոցի անբարեկարգ վիճակը,սակայն դրանից հետո էլ չի վիճակը փոխվել։

Հակոբ Հակոբյան փողոցում էլ նույն վիճակն է։ Բնակիչներից մեկը՝ թատրոնի նախկին աշխատող 76-ամյա Լաուրա Վարունցը, այդ փողոցում է ծնվել ու մեծացել։ Ասում է, որ խորհրդային տարիներին բարեկարգ էր փողոցի վիճակը: «Ես չէ որ պետք է այդ հարցը բարձրացնեմ, դա ջահելի գործն է, իսկ նրանք չեն ուզում կամ էլ ժամանակ չունեն: Շատ են երիտասարդները, բայց նրանցից եւ ոչ մեկն էլ այս հարցի լուծման համար ոչինչ չի արել»:

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս