
Վրաստանում խստացվել է Սաակաշվիլու ու Մերաբիշվիլու դեմ ներկայացված մեղադրանքը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Գլխավոր դատախազությունը խստացրել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու դեմ ներկայացված մեղադրանքը՝ կապված 2005 թվականի ամռանը տվյալ ժամանակ պատգամավոր Վալերի Գելաշվիլուն ծեծի ենթարկելու գործի հետ:
Նոր մեղադրանքներ են ներկայացվել նաև Վրաստանի նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլու նկատմամբ: Սրանից առաջ տվյալ գործով Սաակաշվիլու ու Մերաբիշվիլու նկատմամբ մեղադրանք էր ներկայացվել 333-րդ հոդվածի 3-րդ կետով (բռնության կիրառմամբ ծառայողական լիազորությունների չարաշահում):
Այժմ դրան հավելվել է 117-րդ հոդվածի 5-րդ կետը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու կազմակերպում: Նոր մեղադրանքը ներկայացվել է վրացի ու լիտվացի փորձագետների համատեղ հետազոտության արդյունքում, որն անցկացվել է այս տարվա հոկտեմբերի 1-ին: Գործում ի հայտ են եկել նոր հանգամանքներ: