Ամբաստանյալի մայր. Ինչո՞ւ են հիմա տղաներին քաղբանտարկյալ համարում, «որովհետև դիվիդենտնե՞ր են իրենց պետք»

Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ամբաստանյալ Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը, որդուն և գործով մյուս ամբաստանյալներին համարում է քաղբանտարկյալներ: 168.am-ի հետ զրույցում Լ. Պետրոսյանն ասել է, որ թեև սպասելիքներ չունեն, սակայն պատրաստվում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում:

«Հունիսի 17-ին, երբ Առուստամյանին (խոսքն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի մասին է.- Օ.Հ.) և Հակոբյան Ռուբենին (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար.- Օ.Հ.) հարց տվեցին՝ Հայաստանում կա՞ քաղբանտարկյալ, առաջինը ժխտեց, իսկ երկրորդն ասաց՝ մենք քաղբանտարկյալ չունենք, բայց քաղաքական հետապնդումներ ունենք: Եվ ես հարց եմ տալիս. եթե քաղբանտարկյալ չունեք, ո՞ւմ եք հետապնդում: Մե՞զ: Ուրեմն՝ մենք բոլորս քաղբանտարկյալ ենք, եթե դուք այս պետության մեջ քաղբանտարկյալներ չունեք, բայց հետապնդումներ ունեք»,- քաղաքական գործիչների հայտարարությունը վերհիշեց ամբաստանյալի մայրը` միաժամանակ նշելով, որ դատավճռից հետո որոշ կուսակցություններ հայտարարություն տարածեցին՝ ասելով, որ տղաները քաղբանտարկյալ են:

Լ. Պետրոսյանը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ են հիմա տղաներին քաղբանտարկյալ համարում, «որովհետև դիվիդենտնե՞ր են իրենց պետք»։ «Ես նույնիսկ ինքս չեմ գնացել ոչ մի միտինգի, և հաստատ համոզված եմ, որ մեր շրջապատի մարդկանցից ոչ մեկը չի գնացել միտինգի, որովհետև մենք հասկանում ենք, որ այդ միտինգը մեր օգտին չէ, ձեր օգտին չէ, իրենց համար է դա»,- ասել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում:

Տեսանյութեր

Լրահոս