Եռյակը նիստ է արել, բայց ոչինչ չի որոշել
Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում ավարտվեց եռյակի հերթական նիստը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ քննարկվել են երկու՝ կազմակերպչական և հանրային միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:
Կազմակերպչականը վերաբերում է Համաժողովրդական շարժման գրասենյակների ձևավորման և դրանց արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը, իսկ հանրային միջոցառումներինը՝ ապագա հանրահավաքների և այլ մասսայական միջոցառումների կազմակերպմանը:
Փաստորեն երկու հարցերում էլ որոշում չի ընդունվել. որոշումները կկայացվեն չորեքշաբթի օրը:
Պատասխանելով լրագրողների հարցերին, թե առաջիկայում երբ պետք է սպասել նոր հանրահավաքի հրավիրում, Ս. Մարգարյանն ասաց, թե կհրավիրվի այն ժամանակ, երբ իրենք պատրաստ կլինեն:
Խոսելով եռյակի ներսում առկա տարաձայնություններին և եռյակի հնարավոր պառակտման մասին, Ս. Մարգարյանն ասաց. «Ի հեճուկս նման բան կանխատեսողների՝ եռյակը շարունակում է գործել, և պառակտման մասին խոսք լինել չի կարող»:
Ըստ Ս. Մարգարյանի՝ եռյակի ուժը եռյակում առկա տարաձայնությունների շուրջ կոնսենսուսի հասնելու հնարավորությունն է:
Իսկ մեկ այլ հարցի, թե մտավախություն չունե՞ք, որ նման երկար դադարը կարող է հանգեցնել հանրային հիասթափության և շարժման անկման, Ս. Մարգարյանը պատասխանեց, թե իրենք հանրահավաքային շարժոիմը դադարեցրել են «մաժոր նոտայի վրա»: Հարցին, թե երբ կլինի ֆորտեն, նա պատասխանեց. «Ֆորտեին երկար սպասեցնելու անհրաժեշտություն չի լինի»: