Պուտինի քաղաքականության պատճառով ՌԴ-ի օլիգարխներն այս տարի կորցրել են 50 միլիարդ դոլար
Գերմանական Welt am Sonntag պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանի օլիգարխները երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության պատճառով 2014 թվականին կորցրել են 50 միլիարդ դոլար, ինչը համարժեք է Բուլղարիայի ՀՆԱ-ին:
Պարբերականն այս հարցում վկայակոչում է Bloomberg գործակալության տվյալները: Դրանց համաձայն՝ ամենամեծ կորուստները կրել է «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը, ում կարողությունը կրճատվել է գրեթե 2/3-ով:
Ներկա դրությամբ այն կազմում է մոտ 2.7 միլիարդ դոլար: Մոսկվայի Վերաքննիչ դատարանը բավարարել է Ռուսաստանի Գլխավոր դատախազության հայցը, որն առնչվում էր «Բաշնեֆտ» ընկերության ապօրինի սեփականաշնորհմանն ու նրա բաժնետոմսերի 71 տոկոսը պետական սեփականությանը վերադարձնելուն:
Գործարար Գենադի Տիմչենկոյի կորուստները գնահատվում են նախկին կապիտալի 1/3-ից ավելին: Ներկայումս նրա կապիտալը կազմում է 7.1 միլիարդ դոլար: Տիմչենկոն ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է դեռևս ընթացիկ տարվա մարտին:
Ներկա դրությամբ Ռուսաստանի ամենահարուստ օլիգարխն Ալիշեր Ուսմանովն է, որի կարողությունը գնահատվում է 15.3 միլիարդ դոլար, թեև տարեսկզբից այն կրճատվել է մեկ քառորդով: Ավելի վաղ Ռուսաստանի օլիգարխները մտավախություն էին հայտնել, որ Պուտինն Արևմուտքի դեմ պայքարում կխլի իրենց ունեցվածքը: