
Պուտինը պաշտոնական այցով Ճապոնիա կայցելի 2015 թվականին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է պաշտոնական այցով Տոկիո այցելել 2015 թվականին: Այս մասին Պուտինի ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանդիպման արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պուտինի ու Աբեի հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում: Պեսկովը հավելել է, որ Պուտինն ու Աբեն ավելի ուշ կհամաձայնեցնեն այցի ստույգ ժամկետը, որը տեղի կունենա երկու կողմի համար էլ հարմարավետ ժամկետում:
Սեպտեմբերին Տոկիոն հայտարարել էր, որ հետ է վերցնում այս աշնանը երկիր այցելելու մասին Ռուսաստանի նախագահին հասցեագրված հրավերը: Ավելի ուշ ճապոնացի դիվանագետները պարզաբանել էին, որ խոսքը գնում է ոչ թե այցի չեղյալ հայտարարման, այլ՝ հետաձգման մասին: