Կատալոնիայի անկախության օգտին քվեարկել է ավելի քան 80 տոկոսը
El Mundo թերթի փոխանցմամբ՝ երեկ Կատալոնիայում անցկացված ոչ պաշտոնական հարցման ժամանակ քաղաքացիների ավելի քան 80 տոկոսն արտահայտվել է անկախության օգտին: Այդ մասին հաղորդվել է քվեաթերթիկների 88.4 տոկոսը հաշվարկելուց հետո:
Քվեարկելու համար դրանցում եղել է երկու հարց. «Արդյոք ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան դառնա պետություն», և եթե այո, ապա «Ցանկանո՞ւմ եք, որ այդ պետությունը լինի անկախ»: Երկու հարցերին էլ հնարավոր է եղել պատասխանել միայն «այո» կամ «ոչ»:
Երկու հարցերին էլ դրական պատասխան է տվել քվեարկածների 80.72 տոկոսը՝ 1.649.000 մարդ: Առանց Իսպանիայից անջատվելու սեփական պետականության օգտին քվեարկել է 10.11 տոկոսը՝ 206.000 մարդ: Նահանգի ներկայիս կարգավիճակի պահպանման օգտին քվեարկել է 4.55 տոկոսը՝ 93.000 մարդ: Քվեարկությանը մասնակցել է 2.250.000 մարդ:
Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը գոհ է մնացել կամարտահայտության արդյունքներից ու կենտրոնական կառավարությանը կոչ է արել թույլատրել անկախության հարցի մասին վերջնական հանրաքվեի անցկացումը:
Նոյեմբերի 9-ին անցկացված միջոցառումն ունի բնակչության ոչ պաշտոնական հարցման կարգավիճակ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ այդ օրը պետք է տեղի ունենա անկախության մասին հանրաքվե, սակայն Իսպանիայի իշխանությունները խափանեցին դա: