Բոլոր ուսանողներին բանակ զորակոչելու հարցում կոնսենսուս չկա

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում էր «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանի և խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի ներկայացրած «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Ռուբեն Հակոբյանը հանձնաժողովի նիստում իրենց առաջարկած փոփոխությունը ներկայացրեց այսպես. «Մեր նպատակն է, որ 18 տարին լրացած և զինապարտության ենթակա, արական սեռի բոլոր ՀՀ քաղաքացիները զորակոչվեն բանակ»: Գործող օրենսդրությամբ պետպատվերի շրջանակներում բուհում սովորողները զինծառայությունից տարկետում են ստանում:

Մինչև իրենց առաջարկի հիմնավորումներին անցնելը՝ Հակոբյանը հիշեցրեց, որ այս հարցը նոր չէ և բազմիցս է բարձրացվել: Նա հիշեց, որ առաջին անգամ նման փոփոխություն կատարելու առաջարկ ներկայացվել է դեռևս 1997թ.՝ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից, սակայն այդ ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Բաբկեն Արարքցյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Ի վերջո, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց հարթել կոնֆլիկտը. օրենքը չընդունվեց, իսկ Արարքցյանը հետ վերադարձավ իր պաշտոնին, չնայած ընդամենը 7-8 ամիս հետո հրաժարական տվեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից մեկ օր անց:

Հիմա նման փոփոխություն կատարելու առաջարկով հանդես է գալիս ընդդիմությունը ներկայացնող «Ժառանգությունը»: Ռուբեն Հակոբյանի հիմնավորումները գրեթե նույնն են, ինչ 17 տարի առաջ. բոլորի հավասարությունը օրենքի առաջ, ուսումնական հաստատությունները չպետք է դառնան զինծառայությունից խուսափելու հնարավորություն, երկրի մարդկային ռեսուրսները գնալով նվազում են, և եղած ռեսուրսը պետք է արդյունավետ ծառայեցնել պետության պաշտպանության համար, բուհ ընդունվելու միջոցով զինծառայությունից տարկետում ստանալը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, և այլն:

Ռուբեն Հակոբյանն ասում է, որ, օրինակ, հայ-թուրքական սահմանին կանգնած ռուս զինվորականներին կարելի է փոխարինել հայ զինվորներով, եթե հնարավոր լինի ավելացնել բանակ զորակոչվողների թիվը:

Այն, որ բուհ ընդունվելը դարձել է բանակից խուսափելու միջոց, ցույց են տալիս նաև վիճակագրական տվյալները: Կրթության նախարարության կողմից ներկայացված վիճակագրության համաձայն, տարեկան պետպատվերով բուհ է ընդունվում մոտ 1700 ուսանող, որոնց թվում՝ հազարից մի փոքր ավելին կազմում են տղաները, մագիստրատուրա է ընդունվում 350 մարդ, նրանցից մոտ 300-ը՝ տղաներ, իսկ ասպիրանտուրա ընդունված 140-ից տղաներ են 127-ը կամ 91 տոկոսը: Հակոբյանը հղում անելով ասպիրանտուրա ընդունվածների թվի մեջ տղաների նման մեծ տարբերությանը՝ ասում է, որ իր համար պարզ է՝ այստեղ առկա է կոռուպցիոն ռիսկ, այլապես տարբերությունը չէր կարող այդքան մեծ լինել: Տղաներն ասպիրանտուրա են ընդունվում ոչ թե գիտությամբ զբաղվելու, այլ ընդամենը թեկնածուական թեզ պաշտպանելու և կեղծ «գիտնական» դառնալու միջոցով բանակից ազատվելու համար:

Ըստ էության, չեն փոխվել մյուս կողմի հակափաստարկները, որոնք ներկայացրեցին պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը և Էդմոն Մարուքյանը, ինչ-որ չափով՝ նաև Գագիկ Ջհանգիրյանը: Նրանց ասածն այն էր, որ կան բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, որոնց բանակ գնալը հակացուցված է, քանի որ նրանք բանակային ծառայության տարիները պետք է օգտագործեն ուսումնառության համար, որ, օրինակ, տաղանդավոր ջութակահարը կորցնելու է ջութակ նվագելու հմտությունները, ծրագրավորողը հետ է մնալու համաշխարհային զարգացումներից, որ, եթե Հայաստանն ուզում է զարգանալ և հետ չընկնել զարգացման միջազգային չափանիշերից, պետք է օժանդակի կրթվելու և գիտությամբ զբաղվելու ցանկություն դրսևորող երիտասարդներին, և ոչ թե նրանց տանի ու երկու տարի պահի սահմանի վրա: Ջհանգիրյանն ասում է, որ ինքը երկվության մեջ է. 1997-ին ինքը կողմ է եղել այս փոփոխությանը, քանի որ այն ժամանակվա բանակն այսօրվանը չէր, իսկ հիմա ժամանակակից տեխնոլոգիաները մուտք են գործել նաև բանակ. բանակին պետք են որակյալ մասնագետներ, հիմա կան էլեկտրոնային հետախուզության ծառայություններ, բանակին պետք են ծրագրավորողներ, համակարգչային գիտելիքներ ունեցող զինվորներ: Ինչ վերաբերում է այս փոփոխության միջոցով կոռուպցիոն պրակտիկան կանխելու հիմնավորմանը, ապա նա հիշեցնում է, որ կա մյուս ճանապարհը` առողջական «խնդիրների» միջոցով բանակից ազատվելը, և այն մարդիկ, ովքեր ազատվում են բուհ ընդունվելով, կազատվեն այդ ճանապարհով:

Նկատենք, որ 1997թ. Գագիկ Ջհանգիրյանը չէր կարող դեմ լինել փոփոխությանը, քանի որ Վազգեն Սարգսյանի թիմի կարկառուն ներկայացուցիչներից էր, իսկ «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությունն այն ժամանակ առաջին փորձաքարն էր, որի միջոցով Վազգեն Սարգսյանը ստուգեց, թե որքան ազդեցություն ունի ինքը խորհրդարանում:

Կառավարության տեսակետը ներկայացնող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարծես թե դեմ չէ նման փոփոխության իրականացմանը: Նա ընդամենն առաջարկում է, որ քաղաքական ուժերը գան կոնսենսուսի նման փոփոխության անհրաժեշտության հարցում, որից հետո կառավարությունը կաշխատի խորհրդարանի հետ, և փոփոխությունը կընդունվի:

Այն, որ Աշոտյանը կողմ է այս փոփոխությանը, կարելի էր հասկանալ նրա բերած մի քանի օրինակներից. հիշելով իր ուսանողական տարիներին բանակ գնալուց հետո ուսումը շարունակած համակուրսեցիներին, նա նրանց որակեց՝ որպես նպատակասլաց, ովքեր բոլորն էլ դարձան գործող բժիշկներ, թեև ոչ բոլորն է, որ բարձր առաջադիմություն ունեին ուսման մեջ, մինչդեռ ինքը, որ բանակ չի գնացել, այդպես էլ բժիշկ չդարձավ: Նա նաև տեղեկացրեց, որ բանակից զորացրվածների համար կան առանձին պետպատվերի տեղեր, և այդ տեղերի համար լուրջ մրցակցություն է ծավալվում, ինչը նշանակում է, որ բանակից զորացրվածները չեն կորցնում հետաքրքրությունն ուսման նկատմամբ, եթե ոչ՝ հակառակը:

Իսկ կոնսենսուսը կառավարության համար կարևոր է, որպեսզի հասարակական դժգոհության ալիքը չուղղվի դեպի կառավարություն, և բոլոր քաղաքական ուժերը հավասարապես քաղաքական պատասխանատվություն վերցնեն նման փոփոխության համար:

Կլինի՞ կոնսենսուս այս հարցում. հազիվ թե: Չնայած փոփոխության հեղինակ Ռուբեն Հակոբյանը խոստանում է, որ բացառիկ տաղանդավոր երիտասարդների համար կլինեն բացառություններ, և ինքն առաջարկելու է, որ այդ բացառությունները որոշելու համար կառավարության, ԱԺ խմբակցությունների և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի մասնակցությամբ ստեղծվի հանձնաժողով, սակայն միևնույն է՝ սպասել, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը կգան համաձայնության նման փոփոխության անհրաժեշտության հարցում, փոքր-ինչ կասկածելի է: Պատգամավորների զգալի մասն ունեն երեխաներ, թոռներ և բարեկամներ. նրանք հասկանում են, որ այդ երեխաները բացառիկ տաղանդով օժտված չեն, և նրանց բանակից ազատելու ամենաօրինական ճանապարհը պետպատվերով բուհ ընդունելն է: Ինչպե՞ս կարող են նրանք կտրել այն ճյուղը, որի վրա նստած են և պատրաստվում են նստած մնալ դեռ երկար ժամանակ:

Հենց այդ պատճառով Ռուբեն Հակոբյանը համաձայնեց ընդունել մյուս պատգամավորների առաջարկը` մինչև մեկ տարի ժամկետով հետաձգել օրենքի նախագծի քննարկումը, որպեսզի մինչ այդ տեղի ունենան հանրային քննարկումներ, և հնարավոր լինի պարզել՝ կստացվի՞ ձևավորել քաղաքական կոնսենսուս, թե՞ ոչ:

 

Տեսանյութեր

Լրահոս