
Ջեմիլ Չիչեքը Դավիթ Ուսուպաշվիլուն հրավիրել է Թուրքիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն իր վրացի գործընկեր Դավիթ Ուսուպաշվիլուն հրավիրել է մոտ ժամանակներս այցելել Թուրքիա: Չիչեքն այդ մասին հայտարարել է երեկ Թբիլիսիում Ուսուպաշվիլու հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում.
«Մեր փոխհարաբերություններն օրինակելի են ողջ աշխարհի համար, դա ռազմավարական համագործակցություն է՝ հենված կառավարական հարաբերությունների վրա: Սակայն դրա հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների փոխհարաբերությունները: Եվ դա իր արտացոլումն է գտել մեր երկրների միջև ոչ վիզային ու պարզեցված հաղորդակցությունում:
Թուրքիան աջակցում է եվրաատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրմանը: Թուրքիայի համար շատ կարևոր է Վրաստանի կայունությունը, բարօրությունն ու առաջընթացը՝ հաշվի առնելով նրա գտնվելու աշխարհագրական տարածաշրջանը:
Թուրքիան Վրաստանի ու Ադրբեջանի հետ հաջողությամբ իրականացրել է մի շարք նախագծեր, ինչպիսիք են նավթամուղի (ԲԹՋ) ու գազամուղի (ԲԹԷ) նախագծերը և երկաթուղու (ԲԹԿ) նախագիծը, որի կառուցումը պետք է ավարտվի 2015 թվականին»: