ԵԽ-ի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության արդյունքները չեն ուրախացնում. Յագլանդ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդն Ադրբեջանի վերաբերյալ մեծ հոդված է տպագրել բրիտանական The Guardian թերթում, որում ընդգծել է Ադրբեջանում մարդու իրավունքների ու օրենքի գերակայության ոլորտում առկա համակարգային խնդիրները, որոնց Բաքուն հրաժարվում է ընդունել ու ուղղել:

Յագլանդը նշում է, որ ԵԽ-ի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի վեցասմյա նախագահությունն ավարտվում է նոյեմբերին. «Այդ նախագահությունը ՀԿ-ների ու ակտիվիստների համար հնարավորություն է եղել այդ երկրում մարդու իրավունքների խախտումների հարցերը բարձրաձայնելու համար, ինչպես որ 2012 թվականին Բաքվում «Եվրատեսիլ» մրցույթի անցկացման ժամանակ էր:

Միևնույն ժամանակ ԵԽ-ը բավական քիչ է մտածել, թե ինչպես հակազդի այդ խախտումներին: Այս ամիս ՄԻԵԴ-ը հաստատեց ավելի վաղ ընդունած որոշումն այն մասին, որ հայտնի ընդդիմադիր Իլգար Մամեմդովի ձերբակալումն ու կալանավորումը հանդիսացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում:

Դատարանի որոշումը հստակ ասում է, որ նրան ձերբակալելու իրական նպատակը եղել է Մամեդովին լռեցնելը կամ պատժելը՝ կապված կառավարությանը քննադատելու հետ: Այդպիսով, դատարանն ի ցույց է դրել Ադրբեջանի դատական համակարգի խորքային, համակարգային խնդիրները:

Մենք ուշադիր հետևում ենք նաև Ադրբեջանում մյուս իրավապաշտպանների հանդեպ դատական գործընթացներին: Ես Բաքվում Եվրոպայի երկրների դեսպանատներին կոչ եմ արել ուշադիր հետևել այդ դատավարություններին, և Մեծ Բրիտանիան արձագանքել է դրականորեն:

Մենք քանիցս Ադրբեջանին զգուշացրել ենք մարդու իրավունքների շուրջ տիրող վատ իրավիճակի մասին: Մարդու իրավունքների հարցերով ԵԽ-ի հանձնակատար Նիլս Մույժնիեքսն այս տարի զեկույց հրապարակեց Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում լուրջ մտահոգություն է հայտնել լրագրողներին հալածելու ու կալանավորելու կապակցությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս