
Վրաստանի Գլխավոր դատախազությունն ավելի քան 9 ժամ հարցաքննել է պաշտպանության փոխնախարարին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Գլխավոր դատախազությունը երեկ ավելի քան 9 ժամ որպես վկա հարցաքննել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսի Բատիաշվիլուն՝ կապված 4.102.000 լարի (մոտ 2.3 միլիոն դոլար) վատնելու հետ:
Խոսքը գնում է 2013 թվականի դեկտեմբերի 26-ին Վրաստանի ՊՆ-ի ու Silknet հեռահաղորդակցային ընկերության միջև ստորագրված համաձայնագրի մասին, որն առնչվում է օպտիկա-մանրաթելային մալուխի ու ցանցային սարքերի գնմանը: Հետաքննությունը վստահեցնում է, որ ՊՆ-ի մրցույթի արդյունքները կեղծվել են Silknet-ի օգտին:
Բատիաշվիլին դատախազության շենքը լքել է առանց մեկնաբանությունների: Հարցաքննումից երկու ժամ առաջ Բատիաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ ու պատասխանել դատախազության բոլոր հարցերին: