Հայաստանյան բանկերը՝ խոշոր հարկատուների ցանկում
Հայաստանում գործող թվով 21 առևտրային բանկերը տեղ են գտել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված՝ 2014թ. հունվար-սեպտեմբերի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։
Ընթացիկ ժամանակահատվածի տվյալներով՝ խոշորագույն հարկատու-բանկը Ակբա-Կրեդիտ Ագրիկոլն է։ Ընկերությունը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ հարկերն ավելացրել է 604.1 միլիոն դրամով կամ 20.1%-ով և հասցրել 3.6 միլիարդ դրամի։
Հարկերի չափը զգալիորեն ավելացրել է նաև Ամերիաբանկը՝ 901 միլիոն դրամով կամ 36.6%-ով։ Այս բանկը ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջե է վճարել 3 մլրդ 362 մլն դրամի հարկեր և հանգրվանել խոշոր հարկատուների ցանկի 21-րդ հորիզոնականում։
ՎՏԲ Հայաստան բանկը թեպետ նվազեցրել է հարկերը 337.1 միլիոն դրամով կամ 9.4%-ով, սակայն վճարած հարկերի ծավալով (3.2 միլիարդ դրամ) շարունակում է մնալ երրորդը բանկերի մեջ։
Ցանկը եզրափակում են Արցախբանկը (156.4 միլիոն դրամ), ԲՏԱ բանկը (143.5 միլիոն դրամ) և Մելլաթ բանկը (118.5 միլիոն դրամ)։
ՀՀ տարածքում գործող 21 առևտրային բանկերից 10-ից այս տարի նվազեցրել են հարկերը։
Բոլոր 21 բանկերը միասին պետբյուջե են վճարել 29 մլրդ 972.4 մլնդ դրամի հարկեր, ինչը 366.6 միլիոնով կամ 1.2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։