«Եթե այս օրինագիծն աշխատի այնպես, ինչպես այն ընդունվել է, այն չարաշահումների առիթ է տալու». Սոցիոլոգը՝ աշխատող հղի կանանց վերաբերյալ օրինագծի մասին
«Խելոքը սովորում է ուրիշների սխալի վրա, տգետը՝ սեփական սխալների վրա, հիմարը՝ ոչինչ երբեք չի կարողանում սովորել: Սա հերթական օրինակն է նրա, որ կառավարության չինովնիկները չեն կարողանում հասկանալ, որ հանրային շահերի հետ առնչվող բոլոր օրինագծերը պետք է նախ անցնեն հանրային քննարկումներ»,- այս տեսակետն այսօր հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծի մասին:
Ըստ սոցիոլոգի՝ հանրային քննարկումները կարևոր են, որպեսզի շահագրգիռ կողմերն իրենց վերաբերմունքն արտահայտեն, այնուհետև դրանց հիման վրա ընդունեն այնպիսի մի օրինագիծ, որ իրենց արմատական շահերը կլինեն պաշտպանված.
«Կուտակայինի նախաձեռնությունը, գիտեք՝ լավ նախաձեռնքություն է: Չէին հաշվարկել, որ այն տոկոսները, որ այսօր պետք է երիտասարդը վճարի, դա բավականին մեծ գումար է, և իր շահերը ոտնահարում են, կամ անտեսում են: Նույնը վերաբերվում է այս նախաձեռնությանը, որն, ըստ էության, շատ լավն է»,- նշեց նա:
Սոցիոլոգը նշեց, որ 1952 թվականին աշխատանքի միջազգային կազմակերպությունը Ժնևում ընդունել է մայրության պահպանման վերաբերյալ կոնվենցիա: «Դա հիմնականում ուղղված է եղել նրան, որ թերի զարգացած և աղքատ երկրներում մանկական մահացածության մակարդակը բավականին բարձր է, և դրա պատճառներից մեկն այն է, որ հղի կանայք չեն ստանում բավարար բժշկական աջակցություն, աշխատող կինը չի կարողանում ժամանակին դուրս գա աշխատանքից, որ պատրաստվի ծնելիությանը, և եթե նա մայր դառնալուց հետո շարունակում է աշխատել, նա չի կարողանում երեխային խնամել՝ և՛ իրեն է վնասում, և՛ երեխային: Բայց դա չի նշանակում, որ բոլոր երկրները միանգամից միացան այդ կոնվենցիային»:
Ա.Ադիբեկյանի խոսքով՝ աշխատող կնոջ խնդիրն այն է, որ նա միշտ ընտրում է՝ երեխա ունենա՞լ, թե՞ զրկվել աշխատավարձից, կարիերայից. «Եթե աշխատող կնոջը հատուկ վերաբերմունք ես ցուցաբերում, նպատակը միայն այն է, որ նա նախընտրի երեխա ունենալ՝ չվախենալով, որ կարող է նրա աշխատավարձի կամ եկամուտի վրա դա ազդել: Դրա համար կան երկրներ, որ 40-80% պահպանում են հիմնական աշխատավարձի չափը: Քանի որ մեզ մոտ կենսամակարդակը որոշված չէ, պարզ չէ՝ մենք կնոջն ինչքան գումար պետք է տանք, որ ինքը իրեն ապահովի այնպես, որ անհրաժեշտ է հղի կնոջը: Դա պետք լինի սովորականից մի քիչ բարձր: Այսինքն՝ եթե մեր նվազագույն աշխատավարձը 41 հազարն է, դա կարող է հղի կանանց բավականին քիչ լինել: Մասնագետը պետք է հաշվարկի՝ հղի կնոջն ամսական ինչքան գումար է պետք, և գումարը տա՝ անկախ նրանից՝ կինն աշխատե՞լ է, թե՞ ոչ, այսինքն՝ սա լինի նվազագույն, որին գումարվի այն տարբերությունը, որն աշխատող կինն ունեցել է աշխատանքի ժամանակ: Եթե նա գնում է աշխատանքի, գալիս է, նա ավելի շատ է ծախսում, քան եթե նստեր տանը»:
Ըստ սոցիոլոգի՝ այս օրենքը պետք է անցնի հանրային քննարկումներ, բժիշկները, հոգեբանները, սոցիոլոգները պետք է առանձին-առանձին գնահատեն այդ օրենքի իմաստն ու նշանակությունը, ազգագրագետները տեսնեն՝ ծնելիության առումով որքանո՞վ է նպաստավոր այս օրինագիծը, հետո այդ օրինագիծը դնեն քննարկմանը»:
168.am-ի հարցին՝ ի՞նչ հետևանքների կարող է բերել այս նախագիծը ծնելիության առումով, սոցիոլոգն այսպես պատասխանեց.
«Եթե այս օրինագիծն աշխատի այնպես, ինչպես այն ընդունվել է, այն չարաշահումների առիթ է տալու: Այսինքն՝ քեզ վերցնում եմ ինձ մոտ աշխատանքի, դու իմ հարսն ես, բարձր աշխատավարձ եմ տալիս, բյուջեից մեծ եկամուտ ես ստանում: Մեզ մոտ առևտրի ոլորտում մոտ 150 հազար աշխատող կա՝ 120 հազարը կանայք են, հիմնականում՝ չձևակերպված: Նրանց վրա այդ օրենքը չի անդրադառնում՝ թեև նրանք աշխատում են: Ուրեմն՝ պետք է լինի վերահսկողություն աշխատող կանանց նկատմամբ: Հղի կանանց դրույքաչափը պետք է համապատասխանեցվի նրա պահանջների մակարդակին, այլ ոչ թե կապվի նվազագույն աշխատավարձի չափի հետ: Դա ամենակոպիտ սխալը կլինի»: