Բաժիններ՝

Ադրբեջանում 4 ամսով երկարաձգել են Արիֆ Յունուսին կալանքի տակ պահելու ժամկետը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական դատարանն այսօր երկարաձգել է Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի աշխատակից Արիֆ Յունուսին կալանքի տակ պահելու ժամկետը: Պետական դավաճանության մեջ մեղադրվող Արիֆ Յունուսը նախնական կալանքի տակ կմնա մինչև 2015 թվականի մարտի 5-ը:

Այս մասին հայտարարել է փաստաբան Խալիդ Բագիրովը: Նրա խոսքերով՝ հետաքննությունը դա հիմնավորել է հետաքննչական գործողությունների անցկացնելու, բազմաթիվ վկաների հարցաքննելու, փորձագիտական կարծիքներ ստանալու անհրաժեշտությամբ՝ չբացառելով, որ ժամանակավորապես ազատ արձակվելու դեպքում Արիֆ Յունուսը կարող է խույս տալ հետաքննությունից:

Արիֆ Յունուսը հայտարարել է, որ իր դեմ ներկայացվել են հնարովի մեղադրանքներ ու քաղաքական դրդապատճառներով հարուցվել է քրեական գործ: Միևնույն ժամանակ պաշտպանող կողմը միջնորդություն է ներկայացրել Արիֆ Յունուսի կալանքը տնային կալանքով փոխարինելու համար: Դեռ հայտնի չէ, թե երբ կդիտարկվի այդ միջնորդությունը:

Արիֆ Յունուսի կին Լեյլա Յունուսն Ադրբեջանում ձերբակալվել է հուլիսի 30-ին, ինչից 5 օր անց ձերբակալվել է Արիֆ Յունուսը: Նրանք երկուսն էլ մեղադրվում են պետական դավաճանության և այլ հանցանքների մեջ: Amnesty International կազմակերպությունը նրանց ճանաչել է որպես «խղճի բանտարկյալներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս