Վենեսուելան Իսպանիայից հետ է կանչել իր դեսպանին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի կառավարությունը երեկ խորհրդակցելու նպատակով հետ է կանչել Իսպանիայում իր դեսպանին, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարները հայտարարություններ են արել, որոնք Կարակասը համարել է ոչ տեղին:
Այս մասին նշված է Վենեսուելայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում: Դրանում Վենեսուելայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Իսպանիան միջամտում է երկրի ներքին գործերին, ինչի համար էլ անհրաժեշտ է վերանայել Իսպանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Նախորդ շաբաթ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ իր երկիրը վերանայում է Իսպանիայի հետ հարաբերությունները՝ կապված վենեսուելացի ընդդիմադիր Լեոպոլդո Լոպեսիի ձերբակալման գործի վերաբերյալ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հայտարարությունների հետ:
Ռախոյը Լոպեսի կնոջ հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Իսպանիան և ընդհանրապես ԵՄ-ը մտահոգված են Վենեսուելայում ընդդիմադիր գործչի նկատմամբ դատավարության կապակցությամբ: